Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալանքի մեջ գտնվող հանրահայտ իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վերջին շրջանում շարունակում է վատթարանալ։ Դիաբետը հանգեցրել է աչքերի հետ կապված խնդիրների առաջացման, ձախ աչքում հայտնվել է մթնեցում։
Հեպատիտի С-ն շարունակում է քայքայել նրա լյարդը։ Սակայն ամենագլխավորն այն է, որ գործնականում դադարել է գործել նրա ստամոքսը։ Առկա է ուժեղ փորլուծություն, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել սնունդ ընդունելու հարցում։ Դրա հետևանքով նա զգալիորեն նիհարել է, ներկայումս նա կշռում է 40 կիլոգրամից քիչ ավելի։ Լեյլա Յունուսն ունի ուժգին գլխապտույտներ։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Լեյլա Յունուսն ունի լեղապարկի քարի հեռացման հրատապ վիրահատության կարիք։ Սակայն ներկայումս դա անելն անթույլատրելի է, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ նա անցնի վերականգնողական շրջան, ինչն անհնար է բանտարկության պայմաններում։ Վատթարացել է նաև Արիֆ Յունուսի առողջական վիճակը, որի խափանման միջոցը վերջերս փոխարինվեց տնային կալանքով։