Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշման հիման վրա Երևանում զինված հանցավոր խմբավորման գործով ձերբակալված անձանցից 12-ին տրամադրվել են հանրային պաշտպաններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հի մնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ: Բոլոր 19-ը ձերբակալված են: