Իրավապաշտպաններն ու «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչները թերահավատորեն են վերաբերում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե հանրաքվեի օրը չեն հանդուրժելու թաղային հեղինակությունների, թաղի տղաների կուտակումները տեղամասերի առաջ։
Իշխող Հանրապետական կուսակցությունը շտապում է նկատել, որ ճիշտ է, դրանք վատ երևույթներ են, սակայն միայն իշխանությունը չի դիմում այդ գործիքի կիրառմանը։
Ըստ իշխող հանրապետական խմբակցության ղեկավարի՝ հնարավոր է հանրաքվեի օրը հենց «Ոչ»-ի ճակատից պրովոկատորներ լինեն, որոնք կփորձեն վերը նշված անձանց անվան տակ ստվերել գործընթացը։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը չի հավատում ոստիկանապետի հայտարարությանը, քանի որ նախորդ բոլոր ընտրություններին ականատես է եղել, որ իշխանությունների հիմնական հենարանը հենց թաղային հեղինակություններն են։
Ըստ իրավապաշտպանի՝ թաղային հեղինակություններն իշխանությունների համար ընտրակեղծիքների դիմելու հիմնական մեխանիզմն են և հավատալ, որ իշխանությունը կհրաժարվի նրանցից՝ հավասարազոր է հրաշքի։
Վարդան Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը չգնա թաղային հեղինակությունների ռեսուրսների օգտագործմանը, ապա կկորցնի վերարտադրվելու հնարավորությունը։