Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ ԱԺ-ում բյուջեի նախագծի վերաբերյալ ամփոփիչ ելույթի ժամանակ անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսներին նկատեց, որ հիմնավորված չեն պնդումները, թե ՓՄՁ-ների թվի նվազում կա։
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, մինչդեռ, բոլորովին այլ տվյալներ է բերում: Ըստ նրա` միայն վիճակագրական թվեր ներկայացնելով չէ, քանի որ հազարավոր ՓՄՁ-ներ կան, որոնք գրանցված են, բայց իրականում իրենց գործունեությունը սառեցրել են։
Եվ հետո տնտեսագետի խոսքով՝ ՓՄՁ-ի բացումը կամ փակումը մեխանիկական պրոցես չէ, որ միայն քանակով հաշվարկվի։
Ըստ Մակարյանի՝ պետական մարմինները չպետք է պաշտպանվեն չոր վիճակագրական տվյալներով, և հայտարարեն, որ եթե ՓՄՁ-ները փակվում են, ապա որտեղից է մեր տնտեսական աճը։
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում պարզ օրինակ բերեց. դուրս գալ փողոց և տեսնել, թե քանի գործող խանութ կամ կրպակ է մնացել։ Բոլորի վրա գրված է կամ վաճառվում է, կամ տարածքը տրվում է վարձով։ Առավել վառ ապացույց, որ Հայաստանում ՓՄՁ-ներն օր օրի փակվում են, ըստ Ասլանյանի, չկա։