Այսօր համացանցում քննարկման թեմա է դարձել և մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված Զառա Արամյանին քաղաքապետարանի կողմից բնակարանի տեսքով նվեր հանձնելու հետ: «Առաջին լրատվական»-ը փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված այդ նվերը:
«Այս 25 տարիների ընթաքում, որ եթերում եմ և 45 տարիների ընթացքում, որ ապրում եմ, երբևէ չեմ մտածել, որ կարող եմ այդքան մեծ ուշադրության կենտրոնում հայտնվել: Այդ հարց-խնդրանքով ես դեռ երկար տարիներ առաջ եմ դիմել քաղաքապետարան: Ես լրագրողների զանգերից հաճելիորեն զարմացել եմ, և հենց նրանցից եմ իմացել, որ այդ հարցը օրակարգում է դրված, բայց պետք է լինի ամսի 8-ին,- պարզաբանեց Զառա Արամյանը,- դեռ հաստատումը չկա, դեռ քվեարկությունը չկա, դեռ որոշումը չի ընդունվել: Եկեք սպասենք, թող ընդունվի, ըստ այդմ էլ հասկանանք, թե ուր ենք գնում, ինչ ենք անում: Իրոք ունեմ բնակարանի հետ կապված խնդիր, բայց, չգիտեմ, մի՞թե դա կարող է բացի իմ ընտանիքի անդամներից՝ հետաքրքրել էլի որևիցե մեկին»: