Ինչպես հայտնի է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հիմնվելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրության վրա, հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված է՝ չնայած Հայաստանի էլեկտրական ցանցերում դեռ աուդիտը չի սկսվել։ «Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա»,-ասել է վարչապետը:
Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի անդամ Վազգեն Մանուկյանն ասաց, որ սակագնի հիմնավոր լինելու կամ չլինելու մասին այժմ վաղ է խոսելը։ «Ոչ մեկը հիմա չի կարող պնդել՝ հիմնավո՞ր էր, թե՞ հիմնավոր չէր։ Որովհետև դու միչև այդ ծառայության ներքին կառուցվածքը չնայես, չստուգես՝ փողն ինչի վրա է ծախսվել, ինչ արդյունավետությամբ, դու որևիցե պնդում անել չես կարող։ Մենք ՝ Հանրային խորհրդով էլ ասացինք, որ գինը պետք է չբարձրացնել և ստուգել»,- ասաց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ նախևառաջ պետք է ստուգել ՀԷՑ-ը, քանի որ «ամբողջ այդ ծառայությունը տարիների ընթացքում աշխատել է ոչ արդյունավետ։ Շատ վնասներով է աշխատել իրենց պատճառով։ Մինչև դա չշտկես, գինը չես իմանա։ Ճշգրիտ գինը ոչ մեկը չի իմանա»։
Հանրային խորհրդի նախագահի խոսքերով՝ ՀԷՑ-ի վաճառքի հարցը խորհուրդը չի քննարկելու։ Մեր հարցին, թե կարծում եք՝ կարելի՞ էր վաճառել ՀԷՑ-ը, երբ դեռ պարզ չէ՝ հիմնավո՞ր է թանկացումը, թե՞ ոչ, Հանրային խորհրդի նախագահն ասաց, թե չի կարող պատասխանել հարցին. «Կարելի է քննարկել այն հարցը, որը որ թափանցիկ հայտնի է, եթե հայտնի չի, ի՞նչն ես քննարկելու»։
Մանրամասները դիտեք տեսանյութում։