Skype-ը գործարկել է Translator ծառայությունը, որը թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում թարգմանել խոսքը զրույցների ժամանակ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ծառայությունը հասանելի կլինի 6 լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, չինարեն և իսպաներեն։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
«Ընկերությունում վաղուց երազում էին կոտրել ձայնային արգելապատնեշն օգտատերերի միջև»,- նշում են Skype-ում։
Skype Translator-ը կիրառում է խոսքի ճանաչման և ավտոմատ թարգմանության տեխնոլոգիան։ Այն առանձնանում է մեքենայական ուսուցման հնարավորությամբ, այսինքն՝ որքան շատ մարդ օգտվի ծառայությունից, այնքան հստակ կաշխատի թարգմանական ծառայությունը։
Ընկերությունը գործարկում է նաև տեքստային հաղորդագրությունների ավտոմատ թարգմանություն, ծառայությունը հասանելի կլինի ավելի քան 50 լեզուներով:
Նոր գործառույթը հասանելի կլինի առաջիկա շաբաթներին Windows ՕՀ-ով աշխատող սարքերի համար։ Այլ օպերացիոն հարթակների համար գործառույթի հասանելիության ժամկետի մասին չի հաղորդվում։