Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Էդգար Ղազարյանն օգոստոսի 25-ին այցելել է Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանի ֆեյսբուքյան էջից:
Էդգար Ղազարյանն այցելել է Կլեբարկ, որտեղ Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հովանու ներքո գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվում է «Լեհաստանի Հայկական տուն» հաստատությունը: Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկական փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչի և եկեղեցու քահանա Հայր Հենրի Բուաշչեկի ուղեկցությամբ դեսպան Ղազարյանը շրջայց է կատարել եկեղեցու տարածքում: Կազմակերպվել է նաև այցելություն Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի պատմության թանգարան:
Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե մարզպետ (վոյեվոդ) Մարիան Պոջևսկու հետ: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին կազմակերպել դեսպան Ղազարյանի աշխատանքային այցելությունը Վարմինսկո-Մազուրսկե՝ մարզի տնտեսական կարողություններին տեղում ծանոթանալու, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակում համագործակցության և տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Նույն օրը դեսպան Ղազարյանը մարզպետ Պոջևսկու ուղեկցությամբ այցելել է նաև Օլշտինի հիվանդանոց և արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կենտրոն՝ մասնակցելով նոր տեխնիկական համալրման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանն ու ծանոթանալով կենտրոնի աշխատանքին: