Կանաչին մեզ լավատես է դարձնում՝ հայտնում է direct-press.ru-ն: Հարվարդից գիտնականները պարզել են, որ դրա շնորհիվ լավատեսներն ունենում են որոշակի միացությունների ավելի բարձր մակարդակ:
Մարդիկ, որոնք շատ միրգ և բանջարեղեն են ուտում, ավելի պայծառ են նայում ապագային: Այսպես են կարծում Հարվարդի հասարակական առողջապահության դպրոցի նոր հետազոտության հեղինակները:
Դրա առաջատար հետազոտող Յուլյա Բեմը հայտնել է, որ լավատես մարդիկ կարոտինոիդ կոչվող միացությունների ավելի բարձր մակարդակ ունեն, իսկ դրանք մեծ քանակությամբ պարունակվում են նարնջագույն մրգերում և բանջարեղենում, նաև տերևավոր կանաչու մեջ:
Հետազոտությունը կատարվել է 25-74 տարեկան մոտ 1000 մարդու շրջանում:
Մասնակիցներն անկետաներ են լրացրել, պատմել են կյանքի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, արյան նմուշներ են տրամադրել: Արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր օրական 2 բաժին կամ դրանից պակաս միրգ և բանջարեղեն են կերել, շատ ավելի վատատես են եղել, քան միրգ ու բանջարեղեն ավելի հաճախ օգտագործած մարդիկ: Բեմը հավելել է, որ լավատեսությունը միայն մասամբ է բացատրվում կարոտինոիդներով, քանի որ բացի դրանից՝ մարդիկ, որպես կանոն, առողջ կենսակերպ են վարում և խուսափում են ծխելուց: