Մեծ Բրիտանիան չի պատրաստվում միանալ ո՛չ եվրոգոտուն, ո՛չ էլ Շենգեն գոտուն։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին Բեռլինում Գերմանիայի կանցլերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։
«ԵՄ-ի ուժը հենց կայանում է նրա ճկունության, ունակության մեջ՝ բավարարելու տարբեր երկրների պահանջները։ Ես էլ հենց ուզում եմ ԵՄ-ում մեծ ճկունություն մտցնել…Եվրոպան պետք է լինի ցանց, այլ ոչ թե բլոկ»,- ասել է Քեմերոնը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հինգշաբթի խորհրդարան է մտցրել օրինագիծ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի մասին, երկրորդ ընթերցումը նշանակված է հունիսի 9-ին։
Քեմերոնը կարծում է, որ Մեծ Բրիտանիայի շահերից է բխում ԵՄ կազմում մնալը, սակայն միության բարեփոխման պայմանով։
Հինգշաբթի և ուրբաթ նա բանակցություններ է անցկացրել եվրոպացի գործընկերների հետ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պայմանների փոփոխման վերաբերյալ։