«Այսօրվա թոփ թեման հոսանքն է: Եվ եթե ժողովուրդը կարողացավ մի բան անել, ապա կայծը հոսանքով է լինելու»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ հոսանքի թանկացումը կարող է կանխվել միայն ժողովրդի ճնշմամբ, և արդեն անգամ իշխող Հանրապետական կուսակցությունից ձայներ են հնչում, որ, իսկապես, անարդար է, և չի կարելի թանկացնել:
Ա. Մանուկյանը համոզված է, որ գազի և հոսանքի թանկացումը համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ:
«Գազի և հոսանքի՝ զուգահեռ ընթացող այլանդակությունները համակարգված են և նման են: Այս ամենը տեղի է ունենում իշխանությունների հետ համատեղ պայմանավորվածությունների արդյունքում: Եվ որևէ մեկը թող հանկարծ չմտածի, որ ՀԷՑ-ը մասնավոր է, և ինքն է իր հարցերը կարգավորում: Ամենևին էլ այդպես չէ: Ես հետո ձեզ փաստաթղթերով կհիմնավորեմ, որ այս ամենը համաձայնեցված է Հայաստանի բարձրագույն իշխանությունների հետ»,- ավելացրեց պատգամավորը: