Ամերիկյան արագ սնունդը հարմարեցվում է այլ երկրների բնակիչների ճաշակին՝ գրում է The Wall Street Journal-ը: Թերթը նշում է, որ այդ ֆրանշիզների գլխավոր առավելությունը մշտականությունն է՝ և՛ Ալյասկայում, և՛ Ալաբամայում հաճախորդները կարող են McDonald’s-ից սպասել նույնանման համբուրգերներ և կարտոֆիլի ֆրի, իսկ Pizza Hut-ից՝ միանման պանրի պիցցա և հացի ձողիկներ: «Բայց հենց դուք հատում եք սահմանը, ամեն ինչ փոխվում է»,- ասվում է հոդվածում:
Միջազգային շուկաներում ցանցերը ստիպված են լինում հարմարվել տեղի համերին, և որոշ ամենահայտնի արագ սննդի ուտեստներ հազիվ կարելի է ճանաչել՝ գրում է պարբերականը:
Տեղական համերի առանձնահատկությունները հաշվի են առնվում Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Իսրայելում, Թաիլանդում, Չինաստանում, Կանադայում՝ ասվում է հոդվածում: Որոշ հաջող ուտեստներ հատում են սահմանները և առաջարկվում Հյուսիսային Ամերիկայում՝ հավելում է պարբերականը: