«Իշխանափոխությունը մեր երկրում և ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով և համապետական ընտրությունների միջոցով»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ոչ իշխանական երեք ուժերի պահանջներին:
Երեկ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այդ ուժերի պահանջներին՝ ասել էր. «Մենք միշտ պատրաստ ենք եղել ոչ միայն երկխոսության, այլ նաև ցանկացած հարցի շուրջ քննարկման»:
Հարցին՝ արդյոք իշխանությունները եռյակի հետ իշխանափոխության հարցով երկխոսության կգնա՞ն, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Իշխանափոխությունը պատվերով համերգ չի, որ ով երբ ուզի, ասի՝ իշխանափոխություն, ասի՝ արտահերթ ընտրություններ եմ պահանջում: Դրա համար պետք է մեխանիզմներ լինեն, և գոնե ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական, ընդհանուր ծրագիր չկա»,- ասաց Էդ. Շարմազանովը: