Գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերության օդաչուները պատրաստվում են անցկացնել խոշորամասշտաբ ակցիա: Այս մասին հայտնել է «Կոկպիտ» արհմիությունը (Vereinigung Cockpit e.V.), որը ներկայացնում է գրեթե 9,3 հազար օդաչուների ու գերմանական ավիափոխադրողների բորտինժեներների շահերը:
Արհմիությանը չի հաջողվել պայմանավորվել գործատուների հետ՝ ընկերության օդաչուների, այսպես կոչված, անցումային կենսաթոշակների շուրջ:
Համաձայն նախկին պրակտիկայի՝ նրանք կարող էին այլևս չաշխատել 55 տարեկանից ու մինչ կենսաթոշակային տարիքը՝ 65 տարեկանը, գործատուից գումար ստանալ վերջին աշխատավարձի 60 տոկոսի չափով: Սակայն Lufthansa-ն հաշվարկել է, որ օդաչուները կարող են աշխատել մինչ 60 տարեկանը ու միակողմանի կերպով հրաժարվել է անցումային կենսաթոշակից:
Առայժմ հայտնի չէ, թե երբ կսկսվի գործադուլը: