Մոլդովայի Հանրապետությունն առաջին անգամ կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին Հարավային Ուելսում: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նատալյա Գերմանը:
«Այս տարի Մոլդովան ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, նաև իր KFOR զորախումբն է ուղարկել Կոսովո: Այդ գործողությունների շնորհիվ՝ Մոլդովային առաջին անգամ հրավիրել են մասնակցելու դաշինքի գագաթնաժողովին, որը կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի սկզբին»,- նշել է Գերմանը:
Նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև Մոլդովայի տարածքից 14-րդ ռուսական բանակի (տեղակայվել է չճանաչված Մերձդնեստրի տարածքում), ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերքի դուրսբերման հարցը: