Գերմանիան պատրաստվում է աջակցել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր մասշտաբային տնտեսական պատժամիջոցներին: The Financial Times-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նախարարի խոսքով՝ ԵՄ-ն պայմաններ է ստեղծել ֆինանսական, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում պատժամիջոցների օգնությամբ Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու համար: Միաժամանակ նա նշել է, որ անհրաժեշտ է պատժամիջոցների բոլոր հնարավոր հետևանքները հավասարաչափ բաշխել ԵՄ անդամ բոլոր երկրներում:
Շտայնմայերի հայտարարությունը ցույց է տալիս, որ Բեռլինում «աճում է ռուսական տնտեսության մի շարք ոլորտների նկատմամբ պատժամիջոցներին աջակցությունը», սակայն այդպիսի միջոցների իրագործման հարցում կարող է «լուրջ վեճ» առաջանալ՝ ասվում է հոդվածում:
Ենթադրվում է, որ հուլիսի 29-ին ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստի շրջանակներում ԵՄ անդամ երկրների դեսպանները Բրյուսելում կհամաձայնեցնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների «երրորդ մակարդակ» սահմանելու մասին որոշման նախագիծը: