Կոմիտաս 7/1 շենքի առաջին շքամուտքում կոյուղաջուրը դուրս է գալիս խողովակներից և լցվում մուտք: Բնակիչներն ավելի քան 40 տարի է՝ այս մասին բարձրաձայնում են, բայց իրենց խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում: Ամռան տապին շենքում գարշահոտություն է տարածվում:
Շենքի բնակիչները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ կոյուղու խողովակները սխալ թեքություն ունեն: Վթարի դեպքում համապատասխան ծառայությունը և շենքի բնակիչներն իրենց միջոցներով վերացնում են հետևանքները, սակայն վերջնական լուծում չի տրվում, մեկ շաբաթ անց կրկին նույն պատկերն է լինում՝ կոյուղաջրերը հոսում են, գարշահոտությունը տարածվում մինչև 5-րդ հարկ:
«Խոլերայի բուն ա»՝ մեզ զայրացած ասացին բնակիչները՝ նշելով, որ դիմել են համայնքապետարան, քաղաքապետարան, անգամ նախագահին են դիմում գրել, բայց սայլը այդպես էլ տեղից չի շարժվում:
Բնակիչներից մեկը, ով հղի է, նկատեց, որ մյուս երեխային այդտեղից գրկելով է անցկացնում, քիթը չի կարողանում փակել ու այդ գարշահոտությունն է շնչում: «Էլ պաշտոնյա չմնաց, որ չդիմենք, հետաքրքիր է՝ եթե իրենց կանայք այս վիճակում լինեին, թողնելու էին այսպե՞ս, ո՛չ, արագ հարցը կկարգավորեին»,- ասաց նա:
Բնակիչները նաև ընդգծեցին, որ շքամուտքում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար ստիպված են քանդել առաջին հարկի բնակարաններից մեկի հատակը, ինչի հետ համաձայն չէ այդ բնակարանի տերը՝ մոտ 90 տարեկան տիկին Վերան:
Տիկին Վերան և նրա ամուսինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ համաձայն չեն, քանի որ երաշխիքներ չունեն, որ հետո իրենց քանդածը կվերանորոգեն:
Մյուս բնակիչներն էլ ասացին, որ հարևանուհուն, մեղադրել կամ չմեղադրել չեն ցանկանում, բայց մի՞թե ուրիշ ելք չկա: Բնակիչների կարծիքով՝ եթե ցանկանան խնդիրը լուծել, այլընտրանք կգտնեն, քանի որ խայտառակություն է, երբ 15 ընտանիք այսպիսի պայմաններում է ապրում ՝ գարշհոտության ներքո:
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում: