Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ շրջեց ՊՆ կենտրոնական հավաքակայանում՝ զրուցելով նորակոչիկների ու նրանց ծնողների հետ: Նախարարը մոտեցավ միջանցքում շարված նորակոչիկներին ու հերթով հարցրեց՝ «Լա՞վ ես տրամադրված»: Բացասական պատասխան չհնչեց: Որևէ նորակոչիկ թերևս չհանդգնեց այլ պատասխան տալ:
«Այս զորակոչի ընթացքում մենք հայտնաբերել ենք նախկինում տարկետում ստացած շուրջ 61 հոգի, որոնք, կարծում եմ, ապօրինի տարկետումներ են ստացել, դրա համար էլ պատասխանատվության պետք է ենթարկվեն տարկետում տվողները,- ՊՆ կենտրոնական հավաքակայանում զորակոչի ընթացքին ծանոթանալուց հետո այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով,- վերջին օրերին զինկոմիսարիատներից և բժշկական համակարգից մարդիկ ձերբակալվեցին, ովքեր փորձել էին անօրինական բժշկական եզրակացություններ կամ տարկետումներ տալ: Իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով, լիարժեք պատասխան են տալու»:
Ըստ նախարարի՝ նախորդ տարիներին բավական թվով բարձրաստիճան սպաներ հեռացվել են զինկոմիսարիատներից և տարբեր համակարգերից, և նրանց նկատմամբ քրեական հետապնդում կա: Սեյրան Օհանյանը «կտրուկ շրջադարձային միջոցառումներ» է համարում այն, ինչ կատարվել է վերջին տարիներին զորակոչի ուղղությամբ: «Բայց, ցավոք, այս ոլորտը միշտ էլ կոռուպցիոն ռիսկերով լի է եղել: Կոռուպցիոն ռիսկերը քչացել են, բայց գտնվում են նորից պաշտոնատար անձինք, ովքեր փորձում են հին մեթոդներին վերադառնալ: Մեր գործն էլ այն է, որ կարողանանք այդ ամենը բացահայտել»,- հավաստիացրեց նախարարը:
Դիտեք տեսանյութը: