Թուրքական «Sabah» գրում է, որ Հայոց ցեղասպանության և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի որդեգրած դիրքորոշման պատճառով տուժում են թուրք-ֆրանսիական ոչ միայն դիվանագիտական, այլև տնտեսական հարաբերությունները.
«Այդ ամենի արդյունքում Թուրքիայում վճռվել է արբանյակների արտադրության հարցում դադարեցնել ֆրանսիական «Alcatel» ընկերության հետ 18-ամյա համագործակցությունը և այսուհետ նախապատվություն տալ ճապոնական «Mitsubishi» ընկերությանը»:
Հիշեցնենք, որ Թուրքիան, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ է կիրառում տարբեր երկրների նկատմամբ: Երբ 2006 թվականի աշնանը ֆրանսիական խորհրդարանը քննարկելու էր Ցեղասպանությունը հերքողների հանդեպ ազատազրկում և խոշոր տուգանքներ մտցնելու օրինագիծը, վարչապետ Էրդողանն անմիջապես իր մոտ հրավիրեց ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների («Peugeot», «Renault», «Danone», «Lafarge» եւ «Carrefour») պատվիրակությանը, որոնք մեծ դերակատարություն ունեին Թուրքիայում, իսկ այդ ժամանակ արտգործնախարար Գյուլը հիշեցրեց 2005 թվականին երկու երկրների միջև մոտ 10 միլիարդ ամերիկյան դոլարի ապրանքաշրջանառության մասին: