Բոլիվուդի աստղ, երգչուհի և մոդել Շերլին Չոպրան իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նկարահանվել է Playboy ամսագրի համար: Տղամարդկանց համար հրատարակվող ամսագրում Հնդկաստանի ներկայացուցչի լուսանկարների հրապարակումը նույնպես առաջինը կլինի: Նախկինում հնդիկ մոդելները երբևէ չեն հայտնվել Playboy-ի էջերում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Անձամբ 28-ամյա Չոպրան հայտարարել է, որ հպարտանում է իր քայլով և ֆոտոսեսիան համարում իր կյանքի ու կարիերայի նշանակալից իրադարձություններից մեկը: Դերասանուհին նաև խոստովանել է, որ հեշտ չի եղել մերկ վիճակով տարբեր դիրքեր ընդունել և միաժամանակ իրեն թույլ ու բնական պահել:
Հնդկաստանի բնակիչները քննադատել են մոդելի և դերասանուհու որոշումը: Twitter-ում նույնիսկ հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Չոպրան ամենևին էլ սեքսուալ չէ, նույնիսկ հակառակը՝ անհրապույր է ու տհաճ: Playboy-ի աշխատակիցները դեռևս չեն մեկնաբանել հնդիկ մոդելի հետ իրենց աշխատանքը:
ԱՄՆ-ում ամսագրի համարը վաճառքում կհայտնվի 2012-ի նոյեմբերին: Հնդկաստանում ամսագրի վաճառքն ու տարածումն արգելված են:







































