Արդեն երկու օր է, ինչ ձեթի և ալյուրի գինը առևտրի կենտրոններում թանկացել է։ Ընդ որում, երկու ապրանքատեսակներն էլ Հայաստան է ներկրում հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հարկ է նկատել, որ ձեթի 1 լիտրը թանկացել է մինչև 100 դրամով։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք 1 ժամ հետո միայն կարող են փոխանցել, թե կոնկրետ էլ որ ապրանքատեսակներն են թանկացել, ինչ գնի սահմաններում, և որն է թանկացման պատճառը։ Որոշ վարկածների համաձայն` սպառողների գնողունակությունը այնքան ցածր է, որ Սամվել Ալեքսանյանը չի կարողանում այդ հսկայական խանութների տեխնիկական և աշխատուժի ծախսերով հանդերձ շահույթ ստանալ։ Նույնիսկ աշխատողներին կրճատելուց հետո շահույթը չի ավելացել։ Հետևաբար նա որոշել է իր ներկրվող ապանքատեսակները թանկացնելով սպառողներից դրամահավաքություն կազմակերպել։