Բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներից զատ` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդիպել է ինչպես քաղբանտարկյալներից ոմանց, այնպես էլ նրանց հարազատների և մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ: Թոմաս Համարբերգը այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այցից հետո ներկայացնելու է զեկույց, որում խորը մտահոգություն է արտահայտելու, որ 2008 թ. մարտի 1-ին տասը սպանվածների մահվան հանգամանքները չեն բացահայտվել: Նա համարում է, որ այդ ամենը համարժեք է անպատժելիությանը: Այդ գործերը չբացահայտելը նա համարեց լուրջ ձախողում: Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված անձանց դատավարությունների մասին նա նշեց, որ ԵԱՀԿ-ի զեկույցներում խստորեն քննադատության է ենթարկել դրանց անցկացման կարգը` այն առումով, թե դատավորներն արդյոք անկողմնակա՞լ են, հիմք ընդունված ապացույցները հիմնավո՞ր են: Նա ասաց, որ ինքը ողջունել է համաներման մասին որոշումը, որը կայացվեց 2009 թ. հունիսին: Սակայն ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հավելեց, որ համաներումից հետո էլ շարունակում են բանտերում մնալ որոշ մարդիկ, որոնք կապ ունեին 2008 թ. մարտյան իրադարձությունների հետ: Ըստ պարոն Համարբերգի` ինքը կոչ է արել իշխանություններին, որ այդ մարդկանց ազատ արձակեն: Թոմաս Համարբերգն ասաց, որ իրեն մտահոգում են նաև 2008 թ. ոստիկանության ոչ արհեստավարժ գործողությունները: