Շաբաթ օրը «Գրավիր Wall Street»-ը զանգվածային ակցիաների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ: Մի քանի հարյուր ցուցարար երթով անցել են Մանհեթնի փողոցներով՝ հանդես գալով ոստիկանության կամայականությունների դեմ և պահանջելով քաղաքի ոստիկանության ղեկավար Ռեյմոնդ Կելլիի հրաժարականը. հաղորդում է ИТАР ТАСС-ը:
Միաժամանակ մեկ այլ ցույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի շտաբի գրասենյակի մոտ, որի մասնակիցները պահանջել են նավթավերամշակման ընկերություններին պատասխանատվության ենթարկել` էկոլոգիայի համար վտանգավոր վառելիքի լոբբիստական օգտագործման համար:
Ինչպես այսօր հաղորդել են Նյու Յորքի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները, լուրջ միջադեպեր չեն գրանցվել, ձերբակալվել են միայն հասարակական կարգը խախտողները: Քաղաքացիների դժգոհության առիթն այն էր, որ ոստիկանությունը բավարարվել էր սպային միայն աշխատանքից ազատելով, որը 2006 թվականին փոխհրաձգություն էր սկսել, ինչի արդյունքում մահացել էր աֆրոամերիկացի Շոն Բելլը: Պարզվել էր, որ Բելլը զինված չի եղել: Իրավապահներն ավելի խիստ պատիժ էին պահանջել ոստիկանության աշխատակցի հանդեպ, ինչպես նաև պահանջել էին ռադիկալ բարեփոխումներ իրականացնել իրավապահ համակարգում:
Անցած շաբաթ մոտ 300 «օկուպանտներ» փորձել էին ճամբար բացել Նյու Յորքի կենտրոնական հրապարակի այգիներից մեկում, սակայն ոստիկանները նրանց այնտեղից վտարել էին: Ցուցարարների խոսքերով` նրանք մտադիր էին երկար մնալ այգում` այն վերածելով իրենց շտաբ-գրասենյակի: Քաղաքային իշխանություններն իրենց հերթին «օկուպանտներին» թույլ էին տվել գիշերել Յունիոն-սքվերում միայն այն պայմանով, որ իրենց թիվը չգերազանցի 25-ը:
«Գրավիր Wall Street» շարժումը վերջին շրջանում ակտիվություն չէր դրսևորում հիմնականում եղանակային պայմանների և ֆինանսական միջոցների սղության պատճառով:
Նյույորքյան ցուցարարները սպառնում են մայիսի 1-ին «համընդհանուր գործադուլ» կազմակերպել, իսկ ամսվա կեսերին մտադիր են մի քանի հազար մարդ ուղարկել Չիկագո, որտեղ տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Ցուցարարների ներկայացուցիչները հայտարարում են, որ մտադիր են խաթարել նրանց աշխատանքը:










































