Տղամարդը դատական հայց է ներկայացրել Google-ի դեմ այն բանից հետո, երբ ընկերության Street View տեսախցիկները լուսանկարել էին նրան արևմտյան Ֆրանսիայի իր այգում՝ իր բնական կարիքները հոգալիս: Նկարն այնուհետև հայտնվել էր համացանցում:
Ըստ Daily Mail-ի՝ 50-ամյա տղամարդը պնդում է, որ նկարը տեսել են նաև հարևանները և իրեն ծաղրի առարկա դարձրել: Նա ասում է, որ կարծել է, թե իրեն ոչ ոք չի տեսնում, այդ պատճառով նման բան է արել իր սեփական այգում:
Նրան լուսանկարել է փողոցով անցնող Street View տեսախցիկը, որը դրված է եղել մեքենայի վրա:
Նրա դատապաշտպանն ասել է, որ սա իր պաշտպանյալի գաղտնիության իրավունքի խախտման դեպք է, և որ ֆրանսիացին իր այգում նման բան անելու իրավունք ուներ: Իսկ այժմ ողջ գյուղը տեսել է նկարը և նրան ծիծաղի առարկա դարձրել: