2010-ին կառավարությունը շարունակեց իր նեոլիբերալ քաղաքականությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով` այդ մոտեցումը երևում է նաև կառավարության կողմից ԱԺ բերված օրինագծերից, մասնավորապես` կենսաթոշակային համակարգի փոփոխության վերաբերյալ: «Երևի թե միայն Հայաստանի նման երկրում սա կարող էր անցնել այսպիսի անտարբեր մթնոլորտում, երբ, լինելով դարի ծրագիր, տասնամյակներ առաջ գնացող ծրագիր, չարժանացավ պատշաճ ուշադրության»,- ասաց Ա. Նռանյանը: Ա. Նռանյանը հիշատակեց նաև ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները, որով ցանկացած 2 անձ կարող են համարվել փոխկապակցված և դուրս մնալ ԱԱՀ չվճարողների շարքից: Բացի այդ, ըստ Նռանյանի, կառավարությունը փորձում է նախկինում օրենսդրորեն կարգավորվող շատ գործառույթներ հանել այդ դաշտից և կարգավորել սեփական որոշումներով, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում: «Օրինակ` հողային օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ըստ որի՝ սոցիալական ու բարեգործական ծրագրեր կամ ինչ-որ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար կառավարությունը իրավունք է ստանում հողեր տրամադրել այդ սուբյեկտներին անվճար: Անհասկանալի է` ինչո՞ւ պետք է կառավարությունը իրավունք ունենա ինչ-որ մարդկանց, հատկապես` օտարերկրացիներին անվճար հողեր տրամադրել»,- ասաց Ա. Նռանյանը:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի