Այսօրվանից «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ զեղչատոկոսային անվանական պարտատոմսերի առաջին թողարկումը թույլատրվել է վաճառել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի ազատ Сbond շուկայում: Այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.38% տարեկան եկամտաբերությամբ 10,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB1 բորսայական հապավմամբ:
Հարկ է նշել, որ Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը առաջին անգամ է իրականացվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակի միջոցով:
ԱՀԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը տեղաբաշխման արարողության ժամանակ նշեց, որ գոհ է արդյունքներից, քանի որ պահանջարկը նույնիսկ գերազանցել է առաջարկը, և ավելացրեց, որ դա առաջին քայլն է՝ կապիտալի շուկայում իրենց աշխատանքը շարունակական է լինելու:
«Առաջին լրատվական»-ին բորսայից հայտնեցին, որ «Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009 թ. վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:







































