ՀՀ սահմանային շրջանների դպրոցները կանգնած են փակվելու վտանգի առջև: Ինչպես այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը, դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, երբեմն տրվում է նաև հավելում, բայց մարզերում մի քանի շրջանների դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ և կան դպրոցներ, որոնց աշակերտների ընդհանուր թիվը 30-40-ի է հասնում: Ըստ Ռ.Առաքելյանի՝ նման դպրոցները կանգնելու են ֆինանսական լուրջ խնդրի առջև և նույնիսկ փակման վտանգի առջև: Պատգամավորն առաջարկեց 2012 թ. բյուջեում այլ սկզբունքով մոտենալ այդ մարզերի դպրոցներին:
«Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում անդրադարձավ կառավարման համակարգում հավասարության խնդրին: Ըստ նրա՝ քաղծառայության համակարգում միջին աշխատավարձի չափը նվազագույնը 90.6 հզ. դրամ է, առավելագույնը ՊԵԿ-ում է՝ 371 հզ. 691 դրամ, այսինքն՝ նվազագույնը առավելագույնից 4 անգամ ցածր է, իսկ բազային 40 հզ. դրամ աշխատավարձը 2012-ին պետք է հասցվի 65 հզ. դրամի:
«Կառավարման համակարգում առաջացել են արհեստական էլիտաներ, որտեղ դատավորների, դատախազության, ՊԵԿ-ի աշխատողների աշխատավարձերը կարող են ավելի լինել, քան երկրի նախագահի աշխատավարձը, իսկ նվազագույն աշխատավարձը՝ ավելի նվազ, քան կենսապահովման նվազագույն զամբյուղը: Ժամանակն է, որ կառավարությունը Աժ ներկայացնի կառավարման համակարգի աշխատավարձերի միասնական համակարգի հայեցակարգը, որտեղ պահպանված կլինեն հավասարության սկզբունքները»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:










































