Արցախի պաշտպանական բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Արցախի ՊԲ վերջին շաբաթներին այդօրինակ ապատեղեկատվությունները հերքում է հերթական անգամ: Դրան զուգահեռ, Բաքվի տեղեկատվա-քարոզչական դաշտում ավելի ու ավելի ուժգին են հնչում «մեկնաբանություններ» այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է հակաահաբեկչական գործողության: Ավելին, այստեղ բանը ոչ միայն տեղեկատվական կամ քարոզչական դաշտն է:
Ընդամենը օրեր առաջ՝ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության մեկնարկին, այդ մասին հայտարարություններ անում էր Ադրբեջանի ՊՆ ղեկավար Հասանովը, ասելով, որ ցանկացած պահին կարող են զինաթափել ՊԲ-ն և դա իրենց համար խնդիր չէ: Ադրբեջանը այդ արշավով ակնհայտորեն լուծում է նվազագույնը հոգեբանական ճնշման հարց, առավել մեծ ճնշում բանեցնելով շրջափակված Արցախի հանրության, նաև Հայաստանի հանրության նկատմամբ, որը չի կարող անտարբեր լինել Արցախի հայության ճակատագրի նկատմամբ: Փոխարենը, այդ ամենի նկատմամբ անտարբեր է այսպես ասած միջազգային հանրությունը, ու այդ «անտարբերությունն» էլ Ադրրբեջանին տալիս է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականությունը շարունակելու հնարավորություն:
Այստեղ պետք է խնդիրը բաժանել երկու մասի: Պատասխանատվության մի աստիճան է առկա Ռուսաստանի պարագայում, և մեկ այլ աստիճան՝ միջազգային այլ դերակատարների: Ռուսաստանի խաղաղապահները կայունություն ապահովելու համար են: Բայց, կրկնեմ այն, ինչ ասել եմ բազմիցս: Եթե մեզ թվում է, թե Ռուսաստանի խաղաղապահները արգելելու են Բաքվին կրակել, ապա դա մեծ ու վտանգավոր մոլորություն է: Այդ խաղաղապահները ներկայումս լուծում են Ռուսաստանի գլոբալ ներկայության հարց, հարկ եղած դեպքում նույնիսկ Ադրբեջանին «կտոր-կտոր» բոնուսներ թույլ տալու գնով: Նրանք կմտնեն «դերի» մեջ այն ժամանակ, երբ Ադրբեջանը կսպառնա Ռուսաստանի դերին:
Բուն հարցն այն է, թե ոււրիշ ով և ինչ դեր է պատրաստ ստանձնել Արցախի կայունության ու անվտանգության, Ադրբեջանին զսպելու հարցում: Այդպիսի դերակատար չկա: Դա փաստ է: Այստեղ շատ հաճախ առկա է տարածված տեսակետ այն մասին, որ այդպիսի դերակատար չկա, որովհետև Հայաստանը կամ Արցախը չեն դնում ՌԴ խաղաղապահներին միջազգային ուժերով փոխարինելու խնդիր: Հայաստանն այդ խնդիրը դնում է, ու բավարար հստակությամբ, բայց Հայաստանի շեշտադրումը, որ, օրինակ Լաչինի միջանցք անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելություն, չի արժանանում որևէ մեկի առարկայական ու հստակ հավանությանը, էլ չասած՝ քննարկման որևէ ատյանում:
Հետևաբար, այդ միջազգային անտարբերության կամ լռության պատասխանատվությունը միայն Հայաստանի ու Արցախի վրա դնելը բավականին վտանգավոր է, որովհետև այդ կերպ հնարավոր է պարզապես նպաստել Ադրբեջանի որևէ ագրեսիայի լեգիտիմ հիմքի ձևավորմանը: Անթույլատրելի է, որպեսզի ինքներս մեզ համար ստեղծենք փակ շրջան: Ըստ այդմ, շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը հնարավորինս հետևողականորեն և առարկայորեն բարձրաձայնի միջազգային պատասխանատվության հասցեագրումները: Հայաստանը և Արցախը որևէ մեկից չեն ակնկալում կամ պահանջում ավելին, քան այն, ինչ սահմանված է յուրաքանչյուր «հասցեատիրոջ» կամքով ընդունված և ճանաչված նորմերով՝ Ռուսաստանից իր մասով, մնացյալ միջազգային դերակատարներից՝ իրենց մասով:








































