Ազգային Ժողովում հերթական քաշքշուկն է տեղի ունեցել մեծամասնության և ընդդիմության պատգամավորների միջև, երբ Հայաստան խմբակցության պատգամավորի ելույթից հետո մեծամասնության ներկայացուցիչ Աղազարյանի ռեպլիկը սրել է իրավիճակն ու ԱԺ նախագահը հրավիրել անվտանգության աշխատակիցների: Հայաստանի խորհրդարանը հատկապես 2021 թվականի հունիսից ի վեր ավելի շատ աչքի է ընկնում թերևս անվտանգության աշխատակիցների, քան պատգամավորների աշխատանքային արդյունավետությամբ: Համենայն դեպս, կան թերևս անվտանգության աշխատակիցներ, որոնք այս ընթացքում ավելի հաճախ են աշխատել խորհրդարանի դահլիճում, քան որոշ պատգամավորներ, թե ընդդիմությունից, և թե առավել ևս մեծամասնությունից:
Ըստ էության, Հայաստանն իհարկե երբեք էլ դասական իմաստով չի ունեցել խորհրդարան՝ որպես օրենսդիր ինստիտուտ, առաջնային մանդատի կրող ներկայացուցչական կառույց, որպես քաղաքական ամբիոն ու հարթակ, քաղաքական բանավեճերի դաշտ: Գուցե բացառություն են 1990 թվականի գերագույն խորհուրդն ու 1995 թվականի առաջին գումարման ԱԺ-ն, որը սակայն իր բովանդակային կենսագրությունը «ավարտեց» 1998-1999 ցիկլով, հատկապես հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո: Այդուհանդերձ, հետագա բոլոր խորհրդարանները իրենց խնդիրներով հանդերձ, թերևս չեն եղել այն տրամաբանության մեջ, որում ներկայիս խորհրդարանն է: Ներկայիս խորհրդարանը թե ընդդիմության խմբակցությունների, թե կառավարող մեծամասնության խմբակցության զգալի, գերակա մասերով այլ բան չէ, քան քաղաքական մի քանի բևեռ-գործիչների վարչական կցորդ, կից վարչական կառույց:
Ու դա մի պարագայում, երբ Հայաստանի հանրապետությունը խորհրդարանական կառավարման մոդելի պետություն է, որտեղ խորհրդարանն այլևս միակ առաջնային մանդատ կրող ինստիտուտն է, որին ենթակա է պետական կառավարման մնացյալ ամբողջ համակարգը: Այդ ինստիտուտը այսօր՝ առավել ևս Հայաստանի համար բարդագույն պայմաններում, աչքի է ընկնում գեթ նրանով, որ ժամանակ առ ժամանակ ապահովում է ձեռնամարտի տեսարաններ, զվարճացնելով հանրությանը: Մինչդեռ, Հայաստանին թերևս հենց ներկայիս ժամանակահատվածում, ինչպես նաև տեսանելի ապագայի համար առավել քան անհրաժեշտ է քաղաքական խորհրդարանի առկայությունը, որը քաղաքական բազմակարծության և բազմաբեվեռության միջոցով կապահովի Հայաստանի առավել ճկուն, և բովանդակային իմաստով ճկուն քաղաքականության հնարավորությունը, հաշվի առնելով այն ծանր ժամմանակաշրջանը, որ պետք է անցնի Հայաստանի ըստ էության համաշխարհային պատերազմի պայմաններում: Միակ «բովանդակությունը», որ ներկայումս ապահովում է այս խորհրդարանը, «նախկին-ներկա» անտուրաժն է, որի անբաժանելի մաս են նաև ձեռնամարտերը, թեև ըստ ամենայնի հարկ է այդ հարցում էլ մտածել նորարարությունների մասին, դրսևորելով ստեղծագործական մոտեցում: Ի վերջո, պետք է կողմնորոշվել՝ եթե խորհրդարանում չկա քաղաքականության արվեստ, ըստ ամենայնի հարկավոր է ներդնել առավել պրոֆեսիոնալ արևելյան մարտարվեստ:









































