ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը կներգրավվեն Չիկագոյում կարգուկանոնի պահպանման համար՝ ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդել է քաղաքապետ Լորի Լայթֆութը Twitter-ի իր էջում:
Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը Լայթֆութի խնդրանքով Ազգային գվարդիայի փոքր ջոկատ է ուղարկել Չիկագո՝ տեղի ոստիկանությանը օգնելու նպատակով: Ըստ քաղաքապետի, Չիկագոյում տեղական ժամանակով 21.00-ից մինչև 06.00-ն կգործի նաև պարետային ժամը. այն ուժի մեջ կմնա մինչև հատուկ կարգադրությունը:
Մայիսի 25-ին իրավապահների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա ամբողջ երկրում զանգվածային բողոքի ցույցերի անցկացման պատճառ է դարձել: