«Հուլիսի 20-ին ՀՀ նախագահի մոտ միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցությունից հետո տված հարցազրույցում տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ, նախկին սոցապահովության նախարար Գագիկ Եգանյանը արտագաղթի փաստը հերքելու նպատակով հայտարարել էր, թե իր հարևաններից ոչ ոք չի արտագաղթել: Հայտարարությունը հետաքրքիր արձագանք էր առաջացրել. ֆեյսբուքում մարդիկ քննարկում էին, թե ինչպես կարող է պատահել, որ մի առանձին վերցրած շենքից մարդիկ չարտագաղթեն, երբ բոլոր մյուս շենքերում բազմաթիվ փակ բնակարաններ կան»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մենք պարզեցինք, որ Գագիկ Եգանյանն ապրում է Ավետիսյան փողոցում գտնվող փոքրիկ էլիտար շենքում, որտեղից իսկապես մարդիկ չեն արտագաղթել: Սակայն գաղտնիքն այն է, որ այդ շենքի տարբեր հարկեր զբաղեցնում են Եգանյանների գերդաստանի անդամները՝ Գագիկ Եգանյանի եղբայրները և այլ հարազատներ, որոնք թերևս Եգանյանի՝ երկարատև ծառայությունների շնորհիվ տաքուկ տեղավորվել են Հայաստանում և երկրից գաղթելու պատճառ չունեն»: