Գավառի միջադեպը, որքան էլ սարսափելի, ողբերգական, բայց ընդամենը հերթական քրեական թրիլերն է Հայաստանի հետխորհրդային պատմության շրջանում: Կարող ենք պահանջել ամենատարբեր պաշտոնյաների հրաժարական, սակայն հարցը դրանից չի լուծվելու հաստատ, որովհետև խնդրի առկայությունը լոկ ոստիկանության իքս դրվագի թերացում չէ, վատ կառավարում չէ: Հարցի լուծումը համակարգային է, որովհետև համակարգային և, ընդ որում, արժեհամակարգային է պատճառը: Ու Գավառի միջադեպը դարձյալ բերում է հարցի՝ հեղափոխության արժեհամակարգային բաղադրիչի, կամ Հայաստանում արժեհամակարգային հեղափոխության հարցին: Իսկ այստեղ հարցը ոչ թե պարզվում է, այլ ավելի բարդանում, որովհետև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, ամենայն հավանականությամբ, մասնակցել են նաև այն հարյուրավոր մարդիկ, կամ նրանցից առնվազն մի զգալի մասը, որոնք նախօրեին ավիրել են Գավառի հիվանդանոցն ու իրականացրել վենդետա:
Այլ կերպ ասած, նրանք ևս եղել են հեղափոխության ուժը, և այստեղ հանգում ենք ևս մի էական կետի՝ իսկ իրականում ինչպիսի՞ն է եղել թավշյա հեղափոխության հարաբերակցությունը, ուժային բաղադրությունը, հանրային ինչպիսի՞ մշակութային ու ենթամշակութային, գիտակցական ու ենթագիտակցական շերտեր են կազմել Հայաստանի թավշյա հեղափոխության ամբողջությունը, հասցրել այն հաղթական ավարտի: Որովհետև հեղափոխության բաղադրությունը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն դրա ընթացքի ու արդյունքի, այլ նաև հետհեղափոխական զարգացման համար: Բանն այն է, որ հեղափոխության ընթացքում մասնակից, աջակից, շարժիչ շերտերի, խմբերի, հոսանքների մի զգալի մասը, լինելով ակնհայտ խնդրահարույց, այդուհանդերձ, այդ փուլում ընդունվում, ընկալվում, երբեմն անգամ անտեսվում են իրենց խնդրահարույց լինելու հանգամանքով, քանի որ աջակցությունը պետք է, քանի որ ամեն ինչ կարող է որոշվել հենց այդ մի խմբի լինել-չլինելով: Բայց հեղափոխությունից հետո արդեն այդ խմբերը կարող են դառնալ խնդիր, ընդ որում, ոչ թե իրենց այս կամ այն սոցիալական պահանջով՝ դա չարյաց փոքրագույնն է, այլ ենթաշմակութային գիտակցությամբ, արժեհամակարգով: Այստեղ է հայկական հեղափոխության գլխավոր թույլ օղակներից մեկը, եթե հնարավոր է այդպես բնորոշել:
Այն, որ հայկական հեղափոխությունը եղել է մերժման վրա հենված գործընթաց, գաղափարական և արժեքային թույլ աջակցությամբ: Մեծ հաշվով, այդ աջակցությունը փորձել է զուգահեռ ապահովել միայն հեղափոխության առաջնորդողը, և հեղափոխությունից հետո էլ, խոշոր հաշվով, խնդիրը մնացել է միայն նրա վրա: Ընդ որում, պետք է նկատել, որ կամ հենց այդ՝ միայն նրա ուսին մնալու հանգամանքը, կամ այլ հանգամանքներ բերում են նրան, որ այդ մեկ մարդը հակասական արդյունավետությամբ է սպասարկում, առաջ տանում արժեհամակարգային վերափոխման հետհեղափոխական խնդիրը: Դրանք բարդ հարցեր են, որոնք մնում են բավականին պարզունակ դիտարկումների քողի տակ: Օրինակ՝ մարդիկ կարող են անվերջ բանավիճել և քննարկել՝ թավիշը լավ էր, թե վատ, շատ էր, թե քիչ, պետք էր, թե ոչ, լուծումներ փնտրելով դրա շատ ու քչի մեջ:
Այն դեպքում, երբ բուն խնդիրները թավշի մեջ չեն, բուն խնդիրները հեղափոխության արժեհամակարգային և գաղափարական բաղադրիչի չստուգաբանվածության, հնարավոր է անգամ դրա կարևորության մինչև վերջ չգիտակցվածության մեջ է: Դա պետք է լինի քաղաքական էլիտայի գործը, կամ այդ գործը պետք է լինի քաղաքական էլիտայի «բեղմնավորման» առանցքային գործընթացը: Դա է նաև պատճառը, որ հեղափոխությունից երկու տարի անց մեր խորհրդարանը հանրային ուշադրության է արժանանում ոչ թե հռետորական արվեստի, այլ փողոցային բառաֆոնդի դրսևորումներով:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































