Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել «Հովնանյան» վարժարանի ավարտական 8-րդ դասարանի սաներին` մաղթելով նրանց նախանձախնդրություն, փութեռանդություն և հաջողություններ հետագա ուսումնառության ընթացքին:
Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծել է, որ դպրոցի սաների` արդեն ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան յուրահատուկ խթան են պատանիների համար սեփական աչքերով տեսնելու այն ամենը, ինչ գրքերից սովորել են Հայրենիքի ու նրա հարուստ պատմության մասին, հաղորդ դառնալու հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու ազգային-հոգևոր առաքելությանը, հայրենի հողում գտնվող սրբազան ժառանգությանն ու սրբություններին: «Այս այցելությունը ձեր ինքնագիտակցության վրա իր զորեղ դրոշմը պիտի թողնի, և դուք առավել հպարտ պիտի լինեք, որ հայ ժողովրդի զավակներն եք»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Երիտասարդների հետ զրույցի ընթացքում Նորին Սրբությունը հորդորել է ամուր պահել կապը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետ և հավատարիմ մնալ ազգային ինքնությանն ու հոգևոր արժեքներին:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է նաև «Հովնանյան» վարժարանի սաների ծնողների հայրենասեր ոգին, դպրոցի հոգաբարձուների և մանկավարժների գովարժան հետևողականությունը, որոնց շնորհիվ սաների մտքում և սրտում մշտարթուն է պահվում սերը հանդեպ Մայր Հայրենիքը, Հայոց լեզուն և Մայր Եկեղեցին:









































