Իսրայելական խորհրդարանը երեկ ուշ գիշերին ընդունել է մի օրենք, համաձայն որի` Իսրայելը կարող է տարածքներ վերադարձնել միայն հանրաքվեի կամ Քնեսետի պատգամավորների երկու երրորդի համաձայնությամբ: Այս օրենքը զգալիորեն կբարդացնի 1967թ. պատերազմից հետո Իսրայելի տիրապետության տակ գտնվող սիրիական Գոլանի բարձունքների, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմի վերադարձի հարցը: Վերջինիս տարածքում պաղեստինցիները պատրաստվում են սեփական պետության մայրաքաղաքը ստեղծել:
Ինչպես քվեարկությունից առաջ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, «այս օրինագիծը թույլ կտա մի կողմից խուսափել խաղաղության անպատասխանատու պայմանագրից, մյուս կողմից` ապահովել ժողովրդական հզոր աջակցություն այն համաձայնագրերին, որոնք կպաշտպանեն ազգային շահերը»:
Սա կարող է զգալիորեն բարդացնել խաղաղության գործընթացը Մերձավոր Արևելքում, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ Իսրայելի բնակչության մեծամասնությունը դեմ է Գոլանի` բարձունքների կարգավիճակի փոփոխությանը և Երուսաղեմի բաժանմանը Արևելյան և Արևմտյան մասերի: