Հունիսի 29-ին մենք տեղեկացրել էինք, որ միջազգային տրիբունալն արդեն պարզել է, որ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետևում կանգնած է «Հիզբոլլահ» խմբավորման հրամանատարներից մեկը: Սակայն չէր նշվել նրա անունը:
Երեկ ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի ներկայացուցիչները բոլոր փաստաթղթերը հանձնել են Լիբանանի իշխանություններին: Որպես հիմնական կազմակերպիչ է նշվում «Հիզբոլլահի» հակահետախուզության ղեկավար Մուստաֆա Բադր Ալ-Դինը, որն այդ ժամանակ ներկայացել է որպես քրիստոնյա Սամի Իսսա: Մյուս կամակերպիչ է նշվում «Հիզբոլլահի» «պատժիչ խմբի» ղեկավար Սալիմ Այաշը:
Ըստ ընթացակարգի՝ տրիբունալը պետք է փաստաթղթերը հանձներ լիբանանյան իշխանություններին, որոնք իրենց հերթին պետք է ձերբակալեին մեղադրյալներին 30 օրվա ընթացքում, իսկ նրանց անունները չպետք է հրապարակվեին: Սակայն երեկ փաստաթղթերը փոխանցելուց անմիջապես հետո «մեղավորների» անունները փոխանցվել են մամուլին:
Այս տեղեկատվությունից անմիջապես հետո հանդես է եկել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ասելով, որ «պետք է կարևորվի քաղաքացիական խաղաղությունը երկրում: Ցանկացած մեղադրանք դեռ դատավճիռ չէ: Իրավիճակը շատ բարդ է, և մենք պետք է զերծ մնանք չմտածված, վաղաժամ հայտարարություններից ու գործողություններից»,- ասել է վարչապետը, որն այդ պաշտոնին է նշանակվել՝ «Հիզբոլլահի» հետ համաձայնության շնորհիվ:









































