ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Հայաստան, հանդիպել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստան կատարած այցելությունից հետո միջնորդ երկրների ներկայացուցիչները կլինեն Բաքվում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի խոսքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն այս անգամ Ստեփանակերտ չի գնացել այցի թեմատիկայի պատճառով։
Դավիթ Բաբայանը նաև հավելել է, որ այս անգամ համանախագահները եկել են, որպեսզի կազմակերպեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և պատասխանատուների միջև հանդիպումը: «Այդ դեպքերում նրանք սովորաբար Արցախ չեն գալիս:
Գալիս են, որ պայմանավորվեն ղեկավարների հանդիպման տեղի, ժամի վերաբերյալ»,- ասաց նա՝ նշելով, որ չգալու պատճառի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խումբն անձամբ է հայտնել,- նախկինում էլ մի քանի անգամ եղել է նման բան»:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ցանկացած հանդիպում և այց դրական է. «Չեմ կարող ասել՝ որքանով է արդյունավետ, բայց դրական է, որովհետև հանդիպումների չկայանալը խոսում է բանակցային գործընթացի բացակայության մասին։ Իսկ բանակցային գործընթացի բացակայությունը հղի է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգով։ Ամեն դեպքում՝ Մինսկի խմբի համանախագահների այցելությունները, քննարկումները ես դրական եմ գնահատում։ Այսինքն՝ մենք ներկայումս կարող ենք հույս դնել պահպանվող խաղաղության վրա»։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ չայցելելու հանգամանքին, մեր զրուցակիցն ընդգծեց. «Նախորդ տարիներին եղել է, որ եկել են և գնացել Ղարաբաղ, եղել է նաև, որ չեն գնացել։ Իհարկե, Ղարաբաղ գնալն ու Ստեփանակերտի կարծիքը հարցնելը մեզ համար շատ կարևոր է, դա ինչ-որ տեղ կարող է նշանակել նաև Ղարաբաղի մասնակցություն բանակցային գործընթացին։ Իհարկե, Ղարաբաղը չկա բանակցությունների սեղանին, բայց այն, որ համանախագահները գնացել են Ղարաբաղ, հանդիպել Բակո Սահակյանի հետ, հարցեր քննարկել կամ այնտեղից գնացել սահման մոնիթորինգ իրականացրել Արցախի իշխանությունների գիտությամբ և կազմակերպությամբ՝ դա ենթատեքստով նշանակում էր, որ Ղարաբաղը ոչ անմիջական, բայց գոնե երկրորդական մասնակցություն ունի գործընթացին։ Շատ լավ կլիներ, որ գնային, հիմա դժվարանում եմ ասել, թե ինչու չեն գնացել։ Հավանաբար, այն հարցերի շրջանակը, որ քննարկվում էր՝ հանդիպումների կազմակերպումը, այս փուլում գուցե Արցախի իշխանությունների հետ քննարկման խնդիր չկա»։
Մեր այն դիտարկմանը, թե սա կարո՞ղ է կապ ունենալ Փաշինյանի շարունակական այն պնդումներին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա կապ ունի։ Ամեն դեպքում այսօր Փաշինյանը և՛ Ադրբեջանի ղեկավարության, և՛ Մինսկի խմբի համանախագահների հետ գտել է բանակցությունները շարունակելու ուղին։ Փաշինյանի կառավարությունը չի մերժվում, նրա քաղաքական գիծը համանախագահող երկրների կողմից հակադարձման չի արժանանում, և դժվար թե Ղարաբաղ չգնալը քայլ լինի Փաշինյանի կառավարության դեմ։ Եթե այդպես լինի՝ դա նշանակում է, որ համանախագահող երկրները ուզում են վնասել բանակցային գործընթացին, ինչն ընդհանուր տրամաբանության մեջ չի մտնում։ Ես ենթադրում եմ, որ, հավանաբար, այն հարցերը, որոնք իրենք հիմա քննարկում են Բաքվում և Երևանում, կապված է ապագա հանդիպումների կազմակերպման հետ։ Իսկ այդ հարցում Ստեփանակերտի իշխանությունների հետ քննարկումներ պետք չեն»։
![]()
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ևս կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ չայցելելու մեջ պետք չէ ենթատեքստ փնտրել։ «Այցը պայմանավորված է երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ։ Նախկինում ևս համանախագահներն իրենց հայտարարություններում նշել են, որ նրանք աշխատանքներ են տանելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար։ Թե դա երբ տեղի կունենա՝ դեռևս հայտնի չէ, այնուամենայնիվ, համանախագահները նման նախաձեռնություն ունեն։ Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպումներից հետո կփորձեն ամբողջացնել պատկերը՝ այս փուլում նման հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Այցի հիմնական նպատակը դա էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ այդ հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հարցում պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ինչը Հայաստանի կողմից զիջումներ է ենթադրում, Նարեկ Մինասյանն ասաց. «Ցավոք սրտի, այժմ տարաբնույթ մանիպուլյացիաները ու թեմայի շահարկումը շատ են, ինչը բացասական է և արդյունքում հանգեցնում է իրականությունից կտրված տարբեր դավադրական տեսությունների տարածմանը։ Ինչ վերաբերում է հանդիպումների ինտենսիվությանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական կողմը իշխանափոխությունից ուներ բավարար ժամանակ գործընթացի մեջ մտնելու համար՝ մենք մտահոգություն չունենք։ Հայկական կողմը պատրաստ է, հստակ պատկերացնում է իր գերակայությունները, ինչի մասին տարբեր ձևաչափերով հայտարարվել է և, ըստ էության, ինչպես հայտարարվել է՝ հայկական կողմը հանդիպումներից չի խուսափում, եթե կա քննարկելու հարց։ Մեզ մոտ խուսափողական դիրքորոշում չկա»։
Ըստ Մինասյանի՝ համանախագահների այցերը կարևոր են կողմերի մոտեցումները ճշգրտելու, հստակեցնելու համար. «Առաջնորդվելով այն մոտեցումով, որ հայկական կողմը չի խուսափում տարբեր հանդիպումներից՝ նաև Ադրբեջանի հետ ունենում է ոչ ֆորմալ բնույթի հանդիպումներ, որին համանախագահները ներկա չեն լինում։ Կարևոր է, որ համանախագահները տեղյակ լինեն այդ հանդիպումների բովանդակությունից՝ թե ինչ հարցեր են քննարկվել, արդյոք կան որոշակի դրական միտումներ։ Այդ ամենի մասին թե՛ Հայաստանի վարչապետը և թե՛ Ադրբեջանի նախագահը իրենց հանդիպումների ժամանակ տեղյակ են պահում»։









































