Thursday, 02 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն

Բոլթոն-Ալիև հեռախոսազրույցը վտանգավոր ենթատեքստ ունի․ ի՞նչ է ծրագրում Թրամփի վարչակազմը Արցախի և Իրանի շուրջ

Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վարչակազմի ամենաազդեցիկ գործիչներից մեկը՝ երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո հիմա էլ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին Բոլթոնը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով, որ ինքն ու Ադրբեջանի նախագահը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի և անվտանգության ոլորտներում։

Ալիևի հետ խոսեց Արցախի մասին, Փաշինյանի հետ՝ ոչ

Առաջին փաստը, որ աչք է զարնում այս հեռախոսազրույցին վերաբերող հաղորդագրության մեջ, այն է, որ Թրամփի խորհրդականը Ալիևի հետ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին։ Բոլթոնը Ալիևի հետ զրույցում հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Մինչդեռ, հունվարի 23-ին Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ երկու կողմերի տրամադրած տեղեկությունների, ղարաբաղյան հարցը չի շոշափվել։ Փաշինյանը հատուկ շեշտել էր, որ Բոլթոնի հետ զրույցի ընթացքում Արցախի հարցին անդրադարձ չի եղել։

Վտանգավոր ենթատեքստեր

Թվում է, թե այստեղ որևէ արտառոց բան չկա, և Ալիևի ու Թրամփի խորհրդականի զրույցի մասին հաղորդագրությունը սովորական, հերթապահ մի նորություն է, ավելին՝ պետք է նաև ողջունել ամերիկյան կողմի նախաձեռնողականությունն ու ակտիվությունը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը։ Թերևս, այս եզրակացությունը ճիշտ կլիներ, եթե ավելի լավ չիմանայինք Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական մոտեցումները, և Բոլթոնի այս ակտիվությունը մեր տարածաշրջանում և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որը մեկնարկեց նախորդ տարվա հոկտեմբերին Ռուսաստան և Հարավային Կովկասի երկրներ կատարած իր այցով ու արված հայտարարություններով, չունենար շատ լուրջ ենթատեքստեր։ Խնդիրն այն է, որ Բոլթոնն ու իր թիմակիցները, որոնք իրենց դաշնակիցների հետ լայնածավալ արշավ են սկսել Իրանի դեմ՝ մեր հարևան պետությանը մեկուսացնելու և նրա «ապակայունացնող ազդեցությունը» տարածաշրջանում չեզոքացնելու նպատակով, ըստ փորձագիտական գնահատականների՝ ղարաբաղյան հարցի լուծումը դիտարկում են որպես Իրանի մեկուսացման հավելյալ միջոց։

Հենց սրանով էր պայմանավորված Փաշինյանին ուղղված նրա այն կոչը, որ վարչապետ վերընտրվելուց հետո հարկավոր է «վճռական քայլեր» ձեռնարկել հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Բոլթոնը մեր տարածաշրջան էր եկել հարավկովկասյան երեք երկրների կառավարությունների հետ հակաիրանական պատժամիջոցները քննարկելու և այս երկրների աջակցությունը կամ լոյալությունը Թրամփի հակաիրանական արշավին ստանալու նպատակով։ Հայաստանը, բնականաբար, չէր կարող համաձայնություն տալ նման ծրագրի՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների և Իրանի հետ սահմանի կենսական նշանակությունը մեր երկրի համար։ Իսկ Ադրբեջանի պարագան փոքր-ինչ ուրիշ է։ Բաքվի վարչակարգը ռազմավարական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ և նախկինում էլ ներգրավված է եղել հակաիրանական նախաձեռնություններում՝ իր տարածքը տրամադրելով այս երկրներին որպես հենակետ Իրանի դեմ տարատեսակ գործողությունների համար։ Իսկ Ադրբեջանի նախագահի հետ «արդյունավետ» հանդիպումից հետո Բոլթոնը հայտարարեց, որ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ, այդ թվում՝ Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։ Հայ իրանագետները սրանից եզրակացրեցին, որ Միացյալ Նահանգներին ըստ էության հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողություններին։ Եվ հիմա, երբ այս գործիչը Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ Հայաստանի ղեկավարի հետ՝ ոչ, սա, իհարկե, լուրջ անհանգստությունների ու ենթադրությունների տեղիք է տալիս։

«Արցախյան հիմնախնդրի կարգավորումը հայ-իրանական հարաբերություններին հակադրելու որևէ փորձ պիտի խեղդվի խանձարուրում»

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

– Պարոն Ոսկանյան, Դուք այսպիսի ենթատեքստեր, տողատակեր տեսնո՞ւմ եք՝ կապված Բոլթոնի ու Ալիևի հեռախոսազրույցի հետ։ Թրամփի խորհրդականը քննարկում է Ադրբեջանի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի հարցը այն պատճառով, որ Ադրբեջանն աջակցում է Վաշինգտոնին Իրանի հարցում, իսկ Հայաստանը՝ ո՞չ։

– Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ պարոն Բոլթոնը թե՛ Միացյալ Նահանգներում և թե՛ աշխարհում հայտնի է որպես հակաիրանականության ալիքի հիմնական ջատագովներից մեկը, և այս համատեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցը գոնե մի զգալի առումով նվիրված է եղել հենց Իրանի խնդրին։ Բոլթոնն իր թվիթերյան գրառման մեջ նշել էր, որ քննարկվել տարածաշրջանային, անվտանգության խնդիրներ, ու կարծում եմ, որ սրա տակ նկատի ունեն հենց Իրանի հարցը։

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի «լուծման» հեռանկարին (նկատի ունեմ հենց պարոն Բոլթոնի միջամտությամբ և որոշ դեպքերում խորհրդատվությամբ հավանաբար իրականացվող գործընթացը), ապա ակնհայտ է, որ նպատակը մեկն է՝ Հարավային Կովկասում ունենալ այնպիսի իրավիճակ, որտեղ կողմերը ոչ միայն սեփական շահերից ելնելով չեն ընդլայնի իրենց հարաբերությունները Իրանի հետ, այլև կկարողանան միանալ հակաիրանական գործողություններին, որոնք ծրագրել և իրականացնում է Միացյալ Նահանգները։ Այս համատեքստում գովելի է, որ Հայաստանը որևէ կերպ նման գործընթացի մասնակից չէ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պարագային՝ վերջերս, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցելությունը Ադրբեջան, և ընդհանուր առմամբ, Ադրբեջանն էլ կարծեք թե փորձում է դրական մթնոլորտ պահպանել Իրանի հետ հարաբերություններում, այնուամենայնիվ, չնայած տեսանելի դաշտում Իրանի հանդեպ որոշակի ռևերանսներին կամ հաճոյախոսություններին՝ ակնհայտ է, որ Բաքվի բռնապետական վարչակարգն իր էությամբ հակաիրանական է։ Դրա ամենավերջին ապացույցներից մեկը Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի թողարկած կայքն է, որտեղ անգլիացի կասկածելի հեղինակի՝ նույնքան կասկածելի գրքի տվյալների հիման վրա խոսվում է Արցախի հետ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարաբերությունների մասին, և նույնիսկ որպես լուսաբանող նյութ տպագրվում է այնպիսի մարդու լուսանկար, ինչպիսին Իրանում գրեթե հերոսացված, նշանավոր Ղասեմ Սոլեյմանին է՝ մերձավորարևելյան գործընթացներում կարևորագույն դերակատարություն ունեցող իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, ըստ էության, ամենաճանաչելի դեմքերից մեկը։ Սա կողմնակի ցուցիչ է առ այն, որ չնայած արտաքուստ երևացող մասով Ադրբեջանը փորձում է հարաբերությունների դրական ֆոն ապահովել Իրանի հետ, բայց իրականում Ալիևի բռնապետական վարչակարգի էությունը հակաիրականության մակարդակում որևէ փոփոխություն չի կրել։

Մի կարևոր հանգամանք էլ կուզենայի շեշտադրել։ Մենք պետք է միշտ նկատի ունենանք, որ Ադրբեջանում հակաիրանականությունը «մրցում է» հակահայկականության հետ։ Թե՛ այս պետության վարած քաղաքականությունը, թե՛ գործադրած ջանքերը միտված են մի բանի՝ հնարավորինս թուլացնելու Իրանը թե՛ որպես տարածաշրջանային պետություն, թե՛ հնարավորության դեպքում խարխլելու Իրանի պետականության հիմքերը ներսից՝ թյուրքականության հիման վրա զանազան գաղափարներ ներմուծելով Իրան, խրախուսելով Իրանի միջէթնիկական պառակտումները, աջակցելով Իրանում անջատողական որոշ խմբավորումների։ Այդ խմբավորումները, անշուշտ, այս պահի դրությամբ ունեն լուսանցքային բնույթ, բայց նաև որոշակի լոբբիստական գործունեություն են իրականացնում՝ իրենց դրոշը դարձնելով հակահայկականությունը ու այդ դրոշի ներքո ծավալելով նաև ոչ պակաս հակաիրանական քաղաքականություն։

– Հենց այս համատեքստում է հարցը մեզ համար հետաքրքրական, որովհետև շատ փորձագետների կարծիքով՝ Թրամփի վարչակազմը դիտում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը որպես Իրանը մեկուսացնելու միջոց, և Բոլթոնը Երևանում շատ հստակ հասկացնել տվեց, որ եթե Իրանի դեմ գործողություններին միանալու անհնարինությունը պատճառաբանում եք այն հանգամանքով, որ Իրանը Հայաստանի երկկողմ շրջափակման պայմաններում դեպի արտաքին աշխարհ տանող ընդամենը երկու պատուհաններից մեկն է, և Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, ապա այդ դեպքում Փաշինյանը կարող է օգտագործել իր «ուժեղ մանդատը» և «վճռական քայլեր» ձեռնարկել՝ լուծելու խնդիրը Ադրբեջանի հետ։ Այդ դեպքում կբացվեն թե՛ հայ-ադրբեջանական և թե՛ հայ-թուրքական սահմանները, և Իրանի ու Վրաստանի հետ սահմաններն այլևս այդպիսի կարևորություն չեն ունենա։ Իսկ թե կոնկրետ ի՞նչ «վճռական քայլեր» են ամերիկացիներն ակնկալում Հայաստանից ղարաբաղյան հարցում, Բոլթոնի այցի նախօրեին բաց տեքստով ասաց Հայաստանում ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Ռ Միլսը՝ նշելով, որ ԼՂ «հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։ Այս պայմաններում Արցախի շուրջ որոշակի բևեռացման հնարավորություն, վտանգ տեսնո՞ւմ եք։ Նկատի ունեմ՝ հնարավո՞ր է, որ Միացյալ Նահանգները Արցախի հարցում սկսի ակնհայտորեն աջակցել Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, ԱՄՆ-ի հետ առճակատման տրամաբանությունից ելնելով, պաշտպանի հայկական կողմին։

– Գոնե հայտարարությունների մակարդակում Միացյալ Նահանգների և հատկապես Թրամփի վարչակարգի կողմից՝ մեր շահերի տեսանկյունից վտանգավոր ու կասկածելի ակտիվություն առնվազն նկատվում է, բայց պետք է նկատի առնել մի կարևոր հանգամանք՝ Արցախի հիմնախնդիրը, որպես այդպիսին, Հայաստանի և հայության անվտանգության հիմնախնդիրն է։ Այս հիմնախնդիրը մեզ համար ունի կենսական նշանակություն բոլոր ոլորտներում։ Այլ խոսքերով՝ Արցախի ճակատագիրը որոշելու, վճռելու է ամբողջ հայության և Հայաստանի ճակատագիրը։ Հետևաբար, նման խնդիրների առնչությամբ, կարծում եմ, մեր պետությունը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով։ Այդ շահերի ուղեծրում է նաև Իրանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանումը։ Հետևաբար, որևէ փորձ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորումը հակադրելու Հայաստան-Իրան հարաբերություններին կամ ընդհակառակը՝ հայ-իրանական հարաբերությունները հակադրելու Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պետք է խեղդվի խանձարուրում, որովհետև մեզ համար Արցախի հիմնախնդիրը գոյության, լինելու և չլինելու հարց է։ Ուստի այս հարցում որևէ անտրամաբանական զիջում կամ ինչպես շատ հաճախ ասում են՝ «հողերի հանձնում» պարզապես չի կարող տեղի ունենալ։ Ես համոզված եմ, որ հայաստանյան հասարակությունը (նկատի ունեմ նաև արցախահայությանը, որովհետև Արցախը նույնպես Հայաստան է) պարզապես չի կարող թույլ տալ նման զարգացում։

– Հավանաբար գիտեք, որ Արցախի հարցի շուրջ ենթադրյալ «դավադրության» վերաբերյալ կասկածները, վարկածները վերջին շրջանում շատ տարածված են, և այս խորապատկերին որոշ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ լայնածավալ ապատեղեկատվության ու շահարկումների պատճառով Իրանում էլ անհանգստացած են, թե ղարաբաղյան կարգավորման պրոցեսը կարող է անցանկալի սցենարով զարգանալ։ Ձեր գնահատմամբ՝ Իրանում ինչպե՞ս են ընկալում այս իրադարձությունները ղարաբաղյան բանակցությունների գործընթացում և դրա շուրջ։

– Կարծում եմ, որ նախ՝ Հայաստանում չի գտնվի որևէ խելամիտ քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը մեր շահերին հակասող քայլեր կձեռնարկի Արցախի հարցում։ Հայաստանում մենք չունենք թշնամիներ և դավաճաններ։ Դա պետք է ինքներս մեզ համար արձանագրենք որպես հասարակություն, որը հատկապես արտաքին մարտահրավերների պայմաններում պետք է հանդես գա միասնական և համախումբ դիրքերով՝ պատրաստ լինելու տանել նույնիսկ ամենածանր փորձությունները միասնականությամբ։ Ինչ վերաբերում է իրանական դիրքորոշումներին, ապա հայ-իրանական հարաբերություններում նկատված դադարը, որը պայմանավորված էր Հայաստանում ներքաղաքական զարգացումներով, և նաև տարածաշրջանում ստեղծված բավական դինամիկ իրավիճակը, կարծում եմ, պահանջում են լրացուցիչ բացատրական աշխատանք երկու կողմերի համար էլ։ Այս համատեքստում բարձր մակարդակի հանդիպումը Հայաստանի և Իրանի միջև անհրաժեշտություն է, և որքան արագ մենք նման հանդիպում կազմակերպենք և պարզաբանենք կողմերի դիրքորոշումները մեկը մյուսի համար՝ վերացնելով բոլոր հարցերը, որոնք, բնականաբար, պետք է ծագած լինեն թե՛ մեր կողմում և թե՛ իրանական կողմում, այնքան օգուտ է երկու պետություններին։ Հայ-իրանական հարաբերությունները որքան կարևոր են Հայաստանի համար, նույնքան կարևոր են Իրանի համար։

Իսկ Իրանի դիրքորոշումների առնչությամբ կուզենայի շեշտել, որ Արցախի հիմնախնդրի համատեքստում որևէ փոփոխություն չի նկատվում, և զանազան հայտարարություններ, որ պարբերաբար արվում են նաև ադրբեջանական կողմից՝ որոշ դեպքերում ապատեղեկատվության մակարդակով, միտված են խաթարելու հայ-իրանական հարաբերությունները։ Դրանք պարզունակ հնարքներ են, և կարծում եմ՝ մենք չպետք է կուլ տանք այդ պարզունակ խայծերը, որոնց անհամաչափ պատասխանը կլինի հայ-իրանական հարաբերությունների հնարավորին խորացումը և բարձրացումը բոլորովին նոր մակարդակի։

– Նույնիսկ այն դեպքում, երբ ասում են, թե Իրանը պաշտպանում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությո՞ւնը»։

Ես կարծում եմ, որ մենք այստեղ պետք է հստակ սահման անցկացնենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ դեպքում չի ենթադրում Արցախի ներկայություն այդ ամբողջականության շրջանակներում։ Մենք էլ կողմնակից ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, որովհետև Արցախն այդ ամբողջականության մաս երբևիցե չի եղել։ Եթե ավելի ճշգրիտ բնորոշենք Հայաստանի դիրքորոշումները (կամ ցանկալի կլինի, որ մենք այդպիսի ճշգրտում մտցնենք)՝ մենք պետք է կողմնակից լինենք Ադրբեջանի՝ որպես դաշնային պետության վերաձևակերպմանը՝ առանց Արցախի, որովհետև, ինչպես գիտեք, Ադրբեջանի տարածքում բնակվում են մի շարք տեղաբնիկ ժողովուրդներ, որոնք այս պետության կազմում հայտնվել են անկախ իրենց կամքից։ Ադրբեջանը վերջերս կրկին ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի հայերին «լայն ինքնավարություն» կամ «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք» տալու թեզը, որը կրկին շատ պարզունակ խայծ է Արցախի համար։ Եթե Բաքվի բռնապետական վարչակարգն ուզում է տրամադրել նման ինքնավարություն, ապա կարող է դա անել Ադրբեջանում ապրող տեղաբնիկ ժողովուրդների, մասնավորապես՝ թալիշների և լեզգիների համար։ Կարծում եմ՝ դա լուրջ քայլ կլինի նաև Հայաստանին համոզելու, որ այս պետությունն իրոք նպատակաուղղված կերպով գնում է խաղաղության, այլ ոչ թե խաղաղության պատրանք է ստեղծում թե՛ իր հասարակության ներսում, թե՛ միջազգային խաղացողների շրջանում։

– Իսկ Իրանում բնակվող, բավական մեծաթիվ թյուրքալեզու բնակչության գործոնը որքանո՞վ է ազդում Թեհրանի դիրքորոշումների վրա։ Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Իրանը նույն Ղարաբաղի հարցում գնալով թեքվում է դեպի Ադրբեջան։ Համամի՞տ եք նման գնահատականների հետ։

– Իրանը բազմաշերտ պետություն է և ունի քաղաքական վերնախավի բազմաշերտ կառույց։ Իհարկե, մեր կողմից կոպտագույն սխալ կլինի ձեռքերը ծալած նստել և հուսալ, որ իրանական դիրքորոշումները միշտ մնալու են այնպիսի շահավետ դիրքերում, ինչպիսին դիցուք այսօր են։ Բնականաբար, ցանկացած երկրի ներսում գործում են զանազան լոբբիստական խմբեր, զանազան շահեր, բայց, փառք Աստծո, առայժմ Իրանում քաղաքական վերնախավը, բարձրագույն ղեկավարությունը հստակորեն հասկանում են բոլոր այն վտանգները, որոնք բխում են Ադրբեջանից։ Այստեղ խնդիրը ոչ այնքան «հայամետ» լինելն է, որքան սեփական պետության շահի գիտակցումը։ Իսկ այդ շահը ենթադրում է Հարավային Կովկասում ունենալ հնարավորին թույլ Ադրբեջան։ Լավագույն դեպքում իրանական շահը ենթադրում է Ադրբեջանում ունենալ իրանամետ վարչակարգ՝ շիայական հեղափոխության իրականացման միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում