«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։
–Պարոն Սաֆարյան, մի քանի օր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր նախընտրությունն այն է, որ արտահերթ ընտրություններին լինի համաժողովրդական ցուցակ, քանի որ վտանգները շատ են։ Ինչ վտանգների մասին է խոսքը։ Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նման հայտարարությամբ հանդես եկավ։
-Կարծում եմ խոսքը ավելի շատը կոնտրհեղափոխության վտանգի մասին է, որպեսզի թավշյա հեղափոպության հետշրջում չլինի։ Դրա համար են առաջարկում միասնական ճակատով հանդես գալ։ Պետք է խոստովանենք, այդ դեպքում կունենանք անցումային խորհրդարան և անցումային մեծամասնությունը, որի նպատակը կլինի թույլ չտալ կոնտրհեղափոխություն։ Ես կարծում եմ այդ խնդիրը պետք է լուծվի մինչև խորհրդարանական ընտրությունները։ Նոր կառավարությունը պետք է ճկուն լինի և ապացուցի, որ հեղափոխությունն անշրջելի է։ Ես կնախընտրեի, եթե անգամ քաղաքական ուժերը հանդես գան դաշինքով, ապա դա լինի գաղափարապես նման ուժերի միավորում։
–Րաֆֆի Հովհաննիսյանն արդյոք մտավախություն ունի՞ հայտնվել մարգինալ վիճակում, որից դրդված էլ նման առաջարկով է հանդես եկել։
-Ինձ համար մի փոքր բարդ է գնահատական տալ իմ նախկին թիմին, բայց այո, նման վտանգ կա։Միգուցե նաև այդ վտանգն է պատճառը, որ ստիպել է Րաֆֆի Հովհաննիսյանին նման հայտարարություն անել, քանի որ այդ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, թիմ, իսկ Ժառանգությունը պառակտված է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































