Թուրքիայում նախընտրական շրջանում խստորեն կվերահսկեն քաղաքացիների ակտիվությունը սոցցանցերում։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է diken.com.tr կայքը։
«Թվային ոլորտում անվտանգության ապահովման ու հատկապես ահաբեկչական խմբավորումների օգտին քարոզչության կամ սոցցանցերի միջոցով իրականացվող այլ սադրանքների բացառման համար մեր համապատասխան մարմինները կիրականացնեն իրենց աշխատանքը»,- ասել է Սոյլուն։
Նախարարը շեշտել է, որ նախընտրական շրջանում դրա պատասխանատվությունն առավել քան մեծ է։
«Հետևաբար բոլոր ժամանակներից շատ ավելի ուշադիր ու զգոն պետք է լինենք»,- ասել է Սոյլուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցնեն այս տարվա հունիսի 24-ին։





































