Կատարի իշխանությունները համաձայնել են ներել Պաղեստինյան ինքնավարության 150 մլն դոլարի պարտքը՝ հայտնում է Reuters գործակալությունը:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ Կատարի արտգործնախարար Խալեդ Ալ-Ատիայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարելով Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների ակտիվացման մասին:
Քերին ողջունել է Կատարի որոշումն ու հույս հայտնել, որ այդ օրինակին կհետևեն նաև մյուս արաբական երկրները: Պետքարտուղարը, սակայն, նշել է, որ ոչ մի տնտեսական օգնություն չի կարող փոխարինել խաղաղության նվաճման դիվանագիտական ջանքերին:
Չնայած պաղեստինա-իսրայելական բանակցությունների ակտիվացման մասին Քերիի հայտարարությանը՝ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը մինչ օրս չի հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ չնայած հանդիպումը համաձայնեցվել էր դեռևս հոկտեմբերի 10-ին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ Աբասը համաձայնել է առանց որևէ նախապայմանի առաջիկա օրերին հանդիպել Նեթանյահուի հետ: