Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի
Գործընկերներ
Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանում: Ավանդաբար մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, և ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև անշեղորեն աճում է: Մենք Դմիտրի Անատոլիի հետ արդեն հասցրեցինք արձանագրել, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով: Միևնույն ժամանակ մենք կարծում ենք, որ աճի հնարավորությունները բավական մեծ են, և ունենք հսկայական չօգտագործված ներուժ: Մեր գործընկերների՝ վերջին շրջանում հաճախակի դարձած միջգերատեսչական մակարդակով հանդիպումները հենց այդ մասին են վկայում: Այսօր համատեղ ուսումնասիրվում են բավական հեռանկարային առաջարկություններ: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ մեր օրակարգային հարցերը և հետագա զարգացման հեռանկարները քննարկելու համար: Այսօր արդեն ստորագրման են պատրաստ մի շարք փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք կարծում ենք, որ ունենք բոլոր հնարավորությունները՝ ոչ միայն պահպանելու մեր հարաբերություններում նկատվող միտումը, այլև արագացնելու այն: Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Ուրախ ենք Ձեզ տեսնել»:
ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր ելույթում ասել է.
«Հարգելի Կարեն Վիլհելմի
Հարգելի գործընկերներ, բարեկամներ
Ինձ մոտ ավելի լավ թիվ է, քան Ձեզ մոտ: Հունվարից օգոստոս ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով: Առաջարկում եմ հետագայի համար հենց այդ ցուցանիշն էլ օգտագործել: Դա նշանակում է, որ մեր երկրները հաղթահարել են տնտեսական դժվարությունների շրջանը, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: Հուսով եմ, որ ներդրումային համագործակցությունը ևս հետ չի մնա ապրանքաշրջանառությունից: Ամենակարևորը, որ վերջին շրջանում մեր երկրները կարողացան ստանալ ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ ձևաչափով աշխատանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության ճիշտ մոդելը: Այդ օգուտները նշանակալիորեն հենց դրանով էլ պայմանավորված են:
Ապրանքաշրջանառության աճը, իմ կարծիքով, նույնպես լավ նշան է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Դա վերաբերում է այդ թվում նաև Հայաստանից Ռուսաստան գյուղատնտեսական մթերքի ներմուծմանը, համագործակցության մի շարք այլ ուղղություններին: Գործընկերները պատրաստվել են, նրանք պատրաստ են ներկայացնել իրենց պատկերացումները, թե ինչ պետք է անել, իսկ մենք մեր աշխատանքը կեզրափակենք փաստաթղթերի ստորագրմամբ»:
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին ինչպես ավանդական, այնպես էլ նոր հեռանկարային ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը կարևորել են դեպի երրորդ երկրներ արտահանումը խթանելուն և համապատասխան ներուժ ունեցող ոլորտներում ներմուծման փոխարինումը զարգացնելուն ուղղված համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքը շարունակելու վերաբերյալ հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին:







































