Հասարակության համար շոկային կարելի է համարել այն, որ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության հրապարակում Նունե Եսայանի համերգի համար, որին մասնակցել էր ողջ իշխանական էլիտան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հատկացվել է ավելի քան 54 միլիոն դրամ: Եվ այդ դրամը հատկացվել է Հայաստանի պետական գումարներից, այսինքն՝ այն գումարներից, որոնք գոյանում են հասարակության՝ մեր, ձեր, բոլորի վճարած հարկերից և տուրքերից:
Այսինքն՝ մենք հարկեր ենք վճարում, հասարակությունը հարկեր է վճարում, որպեսզի կառավարությունը 54 միլիոն դրամ հատկացնի ինչ-որ մի երգչուհու համերգի համար: Եվ սա այն երգչուհին է, որը մարտի 1-ի զոհերի մասով արել էր հայտնի հայտարարությունը՝ «մահացել են, իրենք են մեղավոր որ մահացել են, թող այնտեղ չլինեին, չմահանային»:
Այսինքն՝ իշխանությունները, իհարկե, փոքր-ինչ ուշացումով, սակայն իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունն են հայտնում Նունե Եսայանին՝ նման բարձր «քաղաքացիական» կեցվածքի և գիտակցության համար: Միևնույն ժամանակ, իշխանությունները սույնով նաև ազդակ են տալիս շոու-բիզնեսի մյուս բոլոր աստղերին, որ նրանք, ովքեր իշխանություններին տարատեսակ ծառայություններ են մատուցում՝ թեկուզ բարոյական, նման շռայլ կերպով վարձատրվում են անմիջապես պետական բյուջեից: Եվ այս մեսիջը, որ հղվում է իշխանությունների կողմից, ամենևին էլ չի կարելի պատահական համարել: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ տրանսպորտի թանկացման դեմ պայքարին միացան նաև շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներ, որոնք կանգնեցին հասարակության կողքին: Այսօր ևս տրանսպորտի թանկացման հարցն է իշխանությունը պատրաստվում մեջտեղ բերել: Եվ այս անգամ իշխանությունները շոու բիզնեսին, ըստ էության, շատ կոնկրետ առաջարկ են անում՝ ցույց տալով, թե ինչ և ինչքան են շահում այն «աստղերը», որոնք կանգնում են իշխանությունների, ոչ թե հասարակության կողքին:
Իշխանությունների առաջարկը շատ գայթակղիչ է, խոսք չկա, և առաջիկայում երևի թե առիթներ կլինեն տեսնելու, թե ովքեր են տրվում այդ գայթակղիչ առաջարկներին: Ըստ էության, փաստորեն, մի հետաքրքիր նախադեպ է ձևավորվում Հայաստանի իշխանություններ-շոու-բիզնես հարաբերություններում: Եթե նախկինում իշխանությունները շոու-բիզնեսի ծառայությունների դիմաց վճարում էին ավելի շատ սեփական գրպանից՝ թեև պարզ է, որ այս գրպանի պարունակությունն էլ գոյանում էր հասարակության գումարներից, ապա այսօր արդեն իշխանություններն այլևս չեն ընկնում ավելորդ ձևականությունների հետևից ու առանց այլևայլությունների սկսել են շոու-բիզնեսի «աստղերին» վարձատրել անմիջականորեն պետական ռեուրսներից՝ ասենք, ներկայացուցչական մանդատներով, պետական բյուջեից հատկացումներով:








































