Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ Իսրայելը դեմ է հանդես գալիս Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այն ամրապնդում է Իրանի ներկայությունը հարևան երկրում։ Այս մասին գրում է Haaretz-ը։
Իսրայելցի անանուն բարձրաստիճան պաշտոնյան պարզաբանել է, որ Իսրայելը գիտի Իրանի մտադրությունների մասին՝ էականորեն ընդլայնելու իր ներկայությունը Սիրիայում։ Նրա խոսքով՝ Իրանը ոչ միայն հետաքրքրված է Սիրիա խորհրդականներ ուղարկելով, այլև զորակազմը մեծացնելով։
«Համաձայնագիրը, ինչ տեսքով որ այն հիմա կա, շատ վատն է»,-ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այն հաշվի չի առնում Իսրայելի անվտանգության գրեթե ոչ մի շահ, և ստեղծում է Սիրիայի հարավում տագնապալի իրականություն։