2015-ի փետրվարին, երբ ԲՀԿ-ի գործունեությունն ակամայից սպառնում էր իշխանությանը, Սերժ Սարգսյանը հիշեց Գագիկ Ծառուկյանի բոլոր «բարեմասնությունները» և նկատեց, որ կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Ստացվում է, որ հայաստանյան քաղաքականության «ցիրկացման» վտանգը Սարգսյանը նկատում է, երբ վտանգը չոքում է նրա, իշխանության դռանը, մնացած դեպքերում քաղաքական կրկեսը գործող նախագահին նույնիսկ զվարճացնում է, երբ կլոունադայով զբաղվում է ոչ միայն քաղաքականության «փակված գիրքը» վերաբացած օլիգարխը, այլև բառացիորեն բոլորը՝ իրենից սկսած:
Հայտնի օլիգարխը «փակված գիրքը», հավանաբար, վերաբացեց հենց այն էջից, որում Սարգսյանը խոսել էր կրկեսի մասին, ու որոշեց թարմացնել «նախագահ ջանի» հիշողությունները՝ քարոզարշավի ժամանակ լրագրողներին հորդորելով չքաղաքականացնել այն: Ի դեպ, քաղաքականացում համարվել էր Սերժ Սարգսյանի մասին հարցը: Արժանապատվության ցցուն դրսևորում է քաղաքականության մարմնավորում համարել մեկին, ով քեզ կլոուն է անվանել: Չնայած Սարգսյանը, մեծ հաշվով, ճիշտ է, որովհետև երբ ընկերոջ երեխային արդեն պատգամավորական մանդատ են նվիրում՝ դա կրկես է ու դեռ մի բան էլ ավելին: Այլ խնդիր է, որ մեր «կրկեսն» իրականից տարբերվում է միօրինակությամբ ու անտաղանդությամբ, թեթևսոլիկ ծաղրածուների առատությամբ:
Բա ի՞նչ անուն տաս առողջապահության նախարարին, ով իրեն ոչ թե քաղաքական պաշտոնյա, այլ մենեջեր է համարում՝ չնայած այն հանգամանքին, որ իր անմիջական շեֆը ձգտում է ամբողջական իշխանության: Չնայած այստեղ էլ գործ ունենք կրկեսային հերթական համարի հետ, որովհետև Լևոն Ալթունյանի նման՝ Կարեն Կարապետյանն էլ կարծում է, որ ինքը մենեջեր է: Ու զարմանում ես, որ այս մարդը քաղաքական հավակնություն ունի, որովհետև մենեջերի պարտականությունն իր գործի անթերի կատարումն է՝ սեփականատիրոջ ունեցվածքի վրա աչք տնկելու փոխարեն:
Բայց «ցիրկային» վիճակ է ամբողջ ՀՀԿ-ում. մեկը ընտրություններին ներկայացել է ցուցակային մի «մենյուով», մեկ ուրիշը դարձել է ընտրարշավի դեմքն ու վարչապետը, իսկ երրորդ մարդը հավակնում է մեկ տարուց իրենով անել ողջ իշխանությունը:
Կրկեսը հո պոզով-պոչով չի՞ լինում: Հենց այսպես է լինում, երբ ընտրական ցիկլի ձախողումից հետո գեներալը գլուխն ազատում է մոսկովյան փախուստով՝ կնոջ միջոցով հավատարմության մեսիջ ուղարկելով «հարազատ-ատելի» իշխանությանը:
Բայց մեր կրկեսը վերջ չունի ու ամենուր է, որտեղ մարդիկ իբր թե զբաղված են քաղաքականությամբ: Տարիներ շարունակ բանակի թիկունքը «մաշեցրած» ու հանգամանքների բերումով ընդդիմադիր դարձած մարդը օրումեջ հոխորտում է ժողովրդի վրա՝ ընտրակաշառք վերցնելու համար: Ու մեկը չկա, որ ասի՝ այ եղբայր, գնա թալանածդ վայելիր ու ծափերի մի սպասիր:
Հայաստանը վերածվել է կրկեսի, ու մեզ այդ աչքով էլ նայում են արտերկրում՝ այստեղ գալով «գաստրոլների», մեզ կանչելով «գաստրոլների»: Ու ակամայից դարձյալ հիշում եմ Սերժ Սարգսյանի խոսքերը, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Նա միանգամայն ճիշտ է, որովհետև մենք երկրորդ հայրենիք չունենք, իսկ մեր ունեցածը վաղուց վերածված է կրկեսի: Նաև՝ Սերժ Սարգսյանի գործուն ջանքերով:










































