«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը։
– Պարոն Խաչատրյան, Հայաստանում տնտեսական ցուցանիշներից թերևս ամենավատը ներդրումների վիճակն է: Անցած տարի ընդամենը 62 մլն դոլարի ներդրում է եղել: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվելուց անմիջապես հետո անընդհատ ներդրումներ ներգրավելու մասին հայտարարություններ է անում: Ինչո՞ւ գումարներ չեն գալիս մեր երկիր:
– Ներդրումները երբևէ խոսքերով կամ դեկլարատիվ հայտարարություններով չեն լինում: Ներդրումների համար առաջին հերթին միջավայր, այնուհետև վստահություն է անհրաժեշտ: Երբ ներդրողը զգաց, որ այդ միջավայրը կա, որտեղ կարող է բիզնես ունենալ և զգաց, որ խաղի կանոնները հասկանալի են, այդ պայմանները երկարաժամկետ են ու ինքը ապահովագրված է, ինքնուրույն կգա: Պետք է հարց տալ, թե ինչու է ներդրումը գնում Վրաստան, բայց Հայաստան չի գալիս:
– Մեր իշխանությունները պատճառաբանում են, որ Հայաստանը պատերազմ ունի, Վրաստանը չունի:
– Տնտեսագիտության մեջ դա էլ պատճառ է, ռիսկ: Իրականում Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանններ չկան: Ավելին, ներդրումների համար մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք, քան թե Վրաստանում կա, որպեսզի մեզ մոտ գան: Որովհետև մենք ռիսկային գոտի ենք, Վրաստանը ավելի քիչ է ռիսկային: Տեսեք, թե մեզ մոտ շշերի արտադրության ոլորտում ինչ փոփոխություններ եղան: Մենք ապակյա տարաներ էինք արտադրում և արտահանում, որովհետև ունեինք ժամանակակից մեկ-երկու գործարան, որոնք որակյալ արտադրանք էին տալիս: Հիմա արտադրելու պահանջը չկա, քանի որ Ռուսաստանից ներկրելն ավելի ձեռնտու է: Եվ այսօր, դեպի ՌԴ հիմնականում կոնյակն է վերականգնել իր ծավալները, որը մեծ խնդիրների առաջ էր կանգնած ռուբլու կուրսի անկման պատճառով: Այս դեպքում էլ պետք է հասկանալ՝ արտահանո՞ւմն է ավելացել, թե ժամանակին շատ կոնյակ է արտահանվել, պարզապես հիմա է ձևակերպվում, հատկապես, որ ռուբլու փոխարժեքն էականորեն չի փոխվել: Նման տեղեկություններ էլ կան:
– Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն նպատակային է արժեզրկված պահում ռուբլու փոխարժեքը, որ ոչ թե ներմուծումը, այլ արտահանումը խթանի:
– Մենք պետք է հասկանանք, որ երբ մի կառույցի ենք անդամակցում՝ կլինի ԵՄ-ն, թե ԵՏՄ-ն, պետք է հասկանանք, թե այդտեղ մեր շահը որն է լինելու: Իսկ Մաքսային նոր օրենսգրքով մենք ավելի լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու, երբ մաքսային դրույքաչափերը սկսեն բարձրանալ: ՀՀ-ն 1993-ից երբ բաց տնտեսական, այդ թվում նաև բաց արտաքին տնտեսական քաղաքականություն որդեգրեց, մաքսազերծման 0- 5-10 տոկոս դրույքաչափերով էր առաջնորդվում: Հիմա առանձին ապրանքների դեպքում այն կարող է հասնել մինչև 30 տոկոսի: Մեզ պարտադրում են բարձրացնել ծխախոտի, դիզվառելիքի, բենզինի մաքսադրույքաչափերը: Բայց չէ որ ՀՀ-ն և ՌԴ-ն տնտեսական զարգացվածության կամ կենսամակարդակի նույն մակարդակը չունեն, ինչը ունեն Ղազախստանը և Բելառուսը: ՌԴ-ն ելնելով իր տնտեսական շահերից՝ այլ տարբերակ չուներ, քան ներքին արտադրության և արտահանման խրախուսման համար ռուբլու արժեզրկումը: Այս դեպքում մենք արդեն հակասությունների մեջ ենք ՌԴ-ի հետ: Իսկ այդ դեպքում մենք պատրա՞ստ ենք արժեզրկել դրամը:
– Պատրա՞ստ ենք:
– Թե 2013-ի, և թե այսօրվա կառավարությունը հեռանկարային, ռազմավարական առումով խնդիրը չի ձևակերպել: Ընդամենը եղել է արած քայլերը դրական ներկայացնելու ցանկություն: Իրականությունը չի ներկայացվել:
– Թեև արդեն անցած էտապ է, այնուամենայնիվ, որքա՞ն էր ճիշտ, միանալ ՌԴ-ի ստեղծած ԵՏՄ-ին, երբ այդ երկրի տնտեսությունը շատ ծանր վիճակում էր:
– Մենք չէինք կարող չմիանալ: Մեզ ասել են, որ դա աշխարհաքաղաքական իրավիճակից ելնող որոշում էր՝ ելնելով այլ երկրներում տիրող վիճակից: Այդ պահին Ուկրաինան էր, դրանից առաջ Վրաստանն էր, հիմա՝ Մոլդովան: Մեզ պարտադրեցին, բայց պետք էր չպարտադրվեր: Այն քաղաքականությունը, որ ԵՄ Արևելյան հարևանության շրջանակներում 4 տարի վարվում էր, պարզվեց՝ ռազմավարական առումով ճիշտ չէր: Պետք չէր «կամ-կամ»-ի խնդիր դնել, իսկզբանե պետք էր «և-և»-ի խնդիր դնել: Պետք էր թե ԵՄ-ի, թե ՌԴ-ի ու ԵՏՄ-ի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Այն ինչ 90-ականներին մենք անում էինք։ Այն ժամանակ էլ մաքսային միության պահանջ էր դրվել, բայց երբ ՀՀ իշխանությունները բացատրեցին խնդիրները, նրանք հասկացան, և որևէ պարտադրանք չեղավ: Դրա փոխարեն մենք ունեինք ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր, ինչը կարող էինք օգտագործել ի նպաստ Հայաստանի տնտեսությանը: Պետք չէր մտնել ԵՄ-ի և ՌԴ-ի արանքում ու փորձել խորամանկ ճանապարհներով հարցեր լուծել: 2013թ. սեպտեմբերի հարվածը շատ դաժան էր:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Կ. Կարապետյանի վարած տնտեսական քաղաքականությունը:
– Ես ընդհանրապես տնտեսական քաղաքականություն չեմ տեսնում, ես տեսնում եմ առանձին հարցերի վերաբերյալ ինչ-որ մոտեցումներ: Խնդիրը ձևակերպված չէ, թե մենք ինչ ենք ուզում, ինչ ՀՀ ենք ուզում, կամ ինչ տնտեսություն ենք ուզում: Տեսնում եմ, ինչ-որ խնդիրներ են ուզում լուծել, բայց չի ստացվում: Իսկ հիմնական խնդիրները, որ քաղաքական են և վերաբերում են կոռուպցիային, մենաշնորհներին ու արդարադատության համակարգին, չեն լուծվում: Ընտրությունները դրա լավագույն ապացույցն են: Կառավարությունը պարզապես օպերատիվ հարցերի լուծումներով է զբաղված, մինչդեռ տնտեսական վիճակը բարելավելու համար հեղափոխական որոշումներ են պետք: Նաև այդ խնդիրների մասին հրապարակավ խոսելու, քննարկումներ անելու ազնվություն չեմ տեսնում: Եթե քննարկում ես, օրինակ, երկրի խաղաղության հարցը, և հարևան երկրների հետ խաղաղ ապրելու խնդիրը չի քննարկվում, դա նշանակում է, որ մնացած ծրագրերը լուրջ չեն:
– Կ. Կարապետյանը ներդրողների ակումբ ստեղծեց, մեծ՝ այս փուլում 850 մլն դոլարի, իսկ ընդհանուր առմամբ՝ 3․2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին է խոսում: Որքա՞ն են դրանք իրատեսական, կամ արդյո՞ք ռուսաստանահայ այդ գործարարները խոշոր ներդրումներ կանեն Հայաստանում:
– Մենք նման հայտարարություններ շատ ենք լսել: 2007թ. վարչապետ նշանակվելուց հետո Սերժ Սարգսյանի մոսկովյան հանդիպման հայտնի տեսագրություններն ու խոստումները կան, երբ մեկը 400 մլն, մյուսը՝ 250 մլն դոլարի ներդրումներ էր խոստանում: Ի՞նչ եղան դրանք: Եվ քանի որ չեմ տեսնում, որ երկրում ինչ-որ պայման, իրավիճակ փոխվի, ինչը կնպաստեր ներդրումներին, ես չեմ հավատում, որ մարդիկ մի քանի միլիոն դոլարի ներդրումներ անեն, էլ չեմ խոսում տասնյակ կամ հարյուրավոր միլիոնների մասին: Ներդրումների համար առաջին հերթին պետք է ազատ մրցակցություն լինի, ռիսկերը նվազագույնի հասցվի: Կամ՝ ՀՀ տնտեսությունը որքան է ընդունակ ընկալելու այդ ներդրումները, երբ ասում են 1, 3, 5 կամ 15 մլրդ դոլարի ներդրում կբերենք: Ի վերջո, սա պլանային տնտեսություն չէ, շուկայական է: Շուկան պետք է դա թելադրի: Իսկ երկրում չկա ամենակարևորը՝ մարդը: Ներդրողն ում համար պետք է այստեղ ներդրում անի, այն մարդո՞ւ, որն այստեղ չէ, թե՞ մյուսի, որը կուզենար գար: Այս խնդիրների պատասխաններն չկան կառավարության ծրագրերում: 18 տոկոս գործազրկություն կա Հայաստանում, իսկ մարդիկ մտածում են, թե իրենց գումարներն այստեղ ինչ հեռանկարով են ներդնելու: Կառավարությունը, իշխանությունները չեն ձևակերպել, թե ինչ երկիր են ուզում տեսնել, ասենք՝ 5 տարի հետո:
Լուսանկարը՝ Panorama.am-ի








































