Քրդական ANF գործակալության փոխանցմամբ` Սիրիայի Էլ-Բաբ քաղաքի հարավային Թալթալ բնակավայրի բնակիչները մարտի են բռնվել ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ այն բանից հետո, երբ ահաբեկիչները փորձել են խաղաղ բնակիչներին դուրս քշել սեփական տներից:
Գործակալության տվյալներով` բախումների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ և սպանվել յոթ ահաբեկիչ:
Սեփական աղբյուրներին վկայակոչելով` գործակալությունը գրում է, որ Էլ-Բաբ քաղաքի հարավային հատվածում իրավիճակը լիովին դուրս է եկել ահաբեկիչների վերահսկողությունից, սակայն նրանք շարունակում են փորձել վերահսկել իրադրությունը ուժի միջոցով:
Սիրիայի կառավարական ուժերը նույնպես մոտեցել են քաղաքին: Այսպիսով՝ թուրքական բանակը և նրա դաշնակիցները պաշարել են Էլ-Բաբը հյուսիսից և արևելքից, իսկ կառավարական զորքերը` հարավից և հարավ-արևմուտքից: Քաղաքի ծայրամասերում շարունակվում են դաժան մարտերը:










































