Ֆրանսիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Anadolu թուրքական գործակալության փոխանցմամբ՝ դատարանի որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ օրենքը սահմանափակում է քաղաքացիների խոսքի ազատությունը:
Վերոնշյալ օրենքում Հայոց ցեղասպանության մասին ուղղակի հիշատակում չի եղել: Օրենքը նախատեսում էր մարդկության դեմ գործված հանցանքների հերքումը որակել որպես «ատելության հիման վրա կատարված հանցագործություն»: Օրենքի սահմաններում մեղավոր ճանաչված անձը կարող էր դատապարտվել 1 տարվա ազատազրկման և տուգանվել 40.000 եվրոյով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային ժողովի և սենատի կողմից քվեարկությամբ ընդունված այս օրենքը հարուցել էր Թուրքիայի դժգոհությունը։ Թուրքական կազմակերպությունները դիմել էին սահմանադրական դատարան օրենքը չեղարկելու պահանջով։










































