«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը վերջերս կարգապահական տույժի էր ենթարկվել ու տեղափոխվել շատ վատ պայմաններ ունեցող պատժախուց, որը գտնվում էր նկուղային հարկում, կոտրված պատուհանով, և չէր ջեռուցվում: Կարգապահական տույժի ժամկետը լրացել է, և նրան նորմալ պատժախուց են տեղափոխել:
Ա. Խանդոյանի պաշտպան՝ փաստաբան Արա Ղարագյոզյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Խադոյանը կարգապահական տույժի էր ենթարկվել ներքին կանոնադրության խախտման հիմքով: Փաստաբանը նշեց, որ ինքը մի քանի բողոք էր ներկայացրել՝ ընդհուպ խոշտամգման հիմքով: Փաստաբանի հավաստմամբ՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների և իր միջամտությունից հետո էր վերանորոգվել պատժախցի պատուհանը, մինչ այդ Խանդոյանն այնտեղ շատ ցուրտ պայամններում էր գտնվում: Փաստաբանի խոսքով՝ հիմա նրան նորմալ խուց են տեղափոխել:
«Խանդոյանն առողջական խնդիրներ ունի՝ կապված նախկինում ստացած հրազենային վնասվածքների հետ, պարբերաբար բժիշկները նրան զննում են »:
Փաստաբանը նշեց, որ պահանջել է ծառայողական քննություն, քանի որ, նրա դիտարկմամբ, այդպիսի պատժախցում Խանդոյանին պահելը անմարդկային վերաբերմունք է նրա նկատմամբ: Փաստաբանի խոսքով՝ դեռևս թե՛ ՔԿՀ-ից, թե՛ Արդարադատության նախարարությունց պատասխան չի ստացել:
Փաստաբանը հավելեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սառնամանիք է. «Փաստաբանների տեսակցության սենյակում սառնամանիք է, ոնց որ սառնարան լինի, և ես ինքս այնտեղ առողջական խնդիրներ եմ ձեռք բերել… Մեր պաշտպանյալների հետ տեսակցության հարցը վտանգի տակ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































