ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ամփոփել են հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքները և հայտարարություն են տարածել։
Ինչպես հաղորդում է osce.org-ը, համանախագահներն այցի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտգործնախարարների, ՀՀ նորանշանակ պաշտպանության նախարարի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այցի նպատակն ապրիլյան աննախադեպ բռնություններից հետո ստեղծված իրադրության քննարկումն էր և բանակցային գործընթացում դիրքերի հստակեցումը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրադրությունը շարունակում է հարաբերականորեն հանգիստ մնալ: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և նշել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացման կարևորությունը:
Համանախագահները նաև քննարկել են ներկայիս աշխատանքային առաջարկները, որոնք ուղղված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը: Նախագահներից յուրաքանչյուրն արտահայտել է իր տեսակետները, թե ինչպես առաջ տանել կարգավորման գործընթացը»:
Նշվում է նաև, որ համանախագահները ծրագրում են 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում հանդիպել արտաքին գործերի նախարարներ ի հետ՝ քննարկելու նախագահների հնարավոր հանդիպումը:
Տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները հանդիպել են նաև «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ի հետ` քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքն անհետ կորածների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































