Ռուսական RIA Novosti լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցում են վիզային ռեժիմի մեղմացման շուրջ:
Դեսպանի խոսքով՝ կողմերի միջև ընթանում է անկեղծ երկխոսություն, և տվյալ հարցը կարող է քննարկվել օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:
«Եթե այդ հարցում գրանցվի առաջընթաց, ապա մենք շատ ուրախ կլինենք: Մեր դիրքորոշումն այն է, որ թուրք քաղաքացիները պետք է ճանաչեն Ռուսաստանը, իսկ ռուսները ավելի լավ ճանաչեն Թուրքիան»,- ասել է դեսպանը:
Թուրք դեսպանը չի բացառել, որ նախագահների հանդիպման ժամանակ կքննարկվի «Թուրքական հոսք» գազատարի և Աքքույուի ատոմակայանի նախագծերի իրագործման հարցը, և հանդիպումը կարող է նոր ազդակ ծառայել այդ նախագծերի իրագործման համար:







































